Հայաստանի խորհրդարանի պատգամավորներ Գեղամ Մանուկյանն ու Աննա Մկրտչյանը իրանական «Շարղ» օրաթերթի հարցերին ի պատասխան նշել են. «Մեր իշխանության փոխարեն Իրանն է պաշտպանում Հայաստանի շահերը»։ Նրանց այս արտահայտությունները դժգոհության ալիք են բարձրացրել մեծ թվով իրանահայերի մոտ, որոնք բողոքել են ԶԼՄ-ներով և սոցիալական ցանցերով։
Այս թեմայի և Իրանի ու Հայաստանի փոխադարձ շահերի մասին Civic.am-ը զրուցել է իրանագետ Էմմա Բեգիջանյանի հետ։
- Տիկին Բեգիջանյան, որքանո՞վ է տեղեկատվությունը հստակ ու չաղավաղված։
- Դա իրականություն է, իրանահայերից բուռն արձագանք կա։ Դա ծավալուն հարցազրույց է եղել, որը տպագրվել է Իրանի ընդդիմադիր մամուլում։ Լրագրողը ասել է, որ Իրանը վճռականորեն պաշտպանում է սահմանների անքակտելիությունը, բայց Հայաստանի ընդդիմությանը չեն տեսնում, որ խորհրդարանում Իրանի այդ տեսակետները պաշտպանի։ Պատգամավորները պատասխանել են, որ այդպես չէ, որ իրենք շատ լավ գիտեն Իրանի տեսակետները, ու նշել են, որ Իրանը ավելի շատ է պաշտպանում Հայաստանի շահերը, քան ՀՀ Կառավարությունը։ Դա այդ համատեքստում է ասված, և Գեղամը պետք է դա չարտահայտեր, քանի որ ՀՀ-ի և Իրանի շահերը համընկնում են։ Ինչո՞ւ Իրանը պատերազմի ժամանակ մեր կողքին չէր, իսկ հիմա զգուշացնում է սահմանների չփոփոխելիության մասին, որովհետև իր շահերը ունի։ Յուրաքանչյուրն իր շահերն է պաշտպանում՝ Ֆրանսիան, Ռուսաստանը, Իրանը, Ադրբեջանը, և մենք էլ պետք է մեր շահերը պաշտպանենք։ Հիմա այս հարցում Հայաստանի և Իրանի շահերը համընկնում են, քանի դեռ ունենք այդ սահմանը Իրանի հետ, և հետևաբար մենք պետք է համագործակցությունը այդ հարցում խորացնենք և ոչ թե նման արտահայտություններ ասենք, որ օրաթերթն էլ գրեր, թե մեր իշխանությունների փոխարեն Իրանն է մեր շահերը պաշտպանում։
- Իսկ ինչպիսի՞ն են Իրան-Ադրբեջան հարաբերությունները:
- Թուրքիան հասկացավ, որ հիմա ժամանակը չէ Իրանի հետ հարաբերությունների սրման։ Ադրբեջանը անկախ երկիր չէ, և Ադրբեջանը ընդամենը Թուրքիայի մի վիլայեթ է, և ինչ Թուրքիան թելադրի, Ադրբեջանը կանի։ Հիմա Թուրքիան Իրանի հետ հակադրվելու միտք չունի, Ադրբեջանը ինքն էլ խնդիրներ ունի։ Իսրայելը ևս հիմա չի ցանկանա առճակատման գնալ Իրանի հետ, այդ պատճառով փորձեց Ադրբեջան-Իրան հակամարտությունը սրել, բայց քանի որ Թուրքիան հասկացավ, որ դա իրեն պետք չի, Ադրբեջանը սկսեց նահանջի քայլեր։ Իրանի և Ադրբեջանի քայլերում առկա է մեծ փոխադարձ անվստահություն, հետևաբար չեն կարող հարթ և բարեկամական լինել նրանց հարաբերությունները։
-Իսկ մենք կարո՞ղ ենք եզրակացնել, որ եթե Ադրբեջանը ենթարկվում է Թուրքիային, իսկ Թուրքիան չի ցանկանում առճակատվել Իրանի հետ, ապա Հայաստանի հարավի նկատմամբ Ադրբեջանը էսկալացիայի չի դիմի։
- Վերջերս Ալիևը նույնիսկ ասել է, որ Իրանը առաջարկել է այլընտրանքային ճանապարհի տարբերակ, ու բացի դրանից, Եվրոպան ևս դեմ է միջանցքին, և նվազագույնը կարելի է ճանապարհ բացել ՀՀ վերահսկողության ներքո։ Դրա համար Ադրբեջանը Իրանի հետ չառճակատվելու համար, Եվրամիությանը դեմ չգնալու համար չի գնա նման քայլի, հատկապես որ Թուրքիան թույլ չի տալիս։ Ադրբեջանը անկախ պետություն չի, ինքը ընդամենը Թուրքիայի վիլայեթ է, Օսմանյան Թուրքիան է ծնել Ադրբեջան անունով պետությունը։
Դավիթ Լևոնյան