«Ուկրաինան անվտանգության երաշխիքներ է ուզում և ՌԴ-ի կողմից օկուպացված իր տարածքները չի ճանաչի Ռուսաստանի մաս». Զելենսկի

Ուկրաինան անվտանգության երաշխիքներ է ուզում Թուրքիայից, ԱՄՆ-ից և ԵՄ-ից։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ելույթ ունենալով Անկարայում երկրի դեսպանատան նոր շենքի բացման արարողությանը։


Նրա խոսքով՝ Կիևը հանդես է գալիս խաղաղության հաստատման օգտին՝ հիմնված անվտանգության երաշխիքների տրամադրման վրա։


«Որպես երկիր՝ մենք խաղաղություն ենք ուզում, ուզում ենք, որ պատերազմն ավարտվի։ Բայց, իհարկե, մենք ուզում ենք, որ այս պատերազմի ավարտը հիմնված լինի անվտանգության որոշակի երաշխիքների տրամադրման վրա։ Մենք ցանկանում ենք, որ այդ անվտանգության երաշխիքները տրամադրվեն ԱՄՆ-ի, Եվրամիության և ողջ Եվրոպայի՝ ներառյալ Թուրքիայի կողմից»,- նշել է նա։


Զելենսկին նաև ընդգծել է, որ Ուկրաինան երբեք զիջումների չի գնա երկրի տարածքային ամբողջականության հարցում։


«Մենք երբեք, երբեք չենք ճանաչի մեր տարածքները, որոնք ժամանակավորապես օկուպացվել են Ռուսաստանի կողմից, Ռուսաստանի մաս։ Դրանք Ուկրաինայի մաս են»,- ասել է Վլադիմիր Զելենսկին։