«Եվրոպան ձեր դաշնակիցն է. ԵՄ-ի դեմ առևտրային պատերազմ մի սկսեք». Մակրոնը՝ Թրամփին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համոզված է, որ Եվրամիությունից ապրանքների վրա ԱՄՆ մաքսատուրքերի սահմանումը կարող է վնասել ամերիկյան տնտեսությանը` առաջացնելով ինֆլյացիայի աճ։ CNN-ին տված հարցազրույցում Մակրոնը Վաշինգտոնին կոչ է արել ԵՄ-ի հետ առևտրային պատերազմ սկսելու փոխարեն կենտրոնանալ Չինաստանին դիմակայելու, Մերձավոր Արևելքի ճգնաժամի և Ուկրաինայում պատերազմի վրա։


«Եվրոպան ձեր դաշնակիցն է, և եթե ցանկանում եք, որ Եվրոպան ավելի շատ զբաղված լինի ներդրումներով և պաշտպանության ու անվտանգության հարցերով, եթե զարգացման հույս ունեք, որը, կարծում եմ, բխում է Միացյալ Նահանգների շահերից, չպետք է վնասեք եվրոպական տնտեսությանը՝ սպառնալով նրան մաքսատուրքերով»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։