ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը այսօր բացել է ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի առաջին նիստը Վիլնյուսում դաշինքի գագաթնաժողովում, որին մասնակցում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Բարի գալուստ բոլորին Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի առաջին նիստին: Սա պատմական պահ է, Ուկրաինան և ՆԱՏՕ-ի երկրները նստած են կողք կողքի՝ քննարկելու եվրաատլանտյան անվտանգության ընդհանուր տեսլականը»,- հայտարարել է Ստոլտենբերգը բացման խոսքում: Նա նաև խոստացել է Զելենսկուն «ընդլայնել ռազմական աջակցությունը՝ օգնելու Ուկրաինային ազատագրել իր հողերը և զսպել ռուսական ապագա ագրեսիան»։ Դրանից հետո նիստը փակ էր մամուլի համար։
Նիստի բացումից առաջ Ստոլտենբերգը մամուլի ասուլիս է հրավիրել Ուկրաինայի նախագահի հետ, որի ժամանակ նա հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի առանձին երկրներ այլևս չեն կարողանա արգելափակել Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստերը, ինչպես դա եղել է ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի դեպքում:
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր երկիր՝ ներառյալ նաև Ուկրաինան կարող է գումարել այս հանդիպումը՝ արտակարգ խորհրդակցությունների համար. «Սա է տարբերությունը նախորդ հանձնաժողովից»: