Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը այժմ չի գտնվում հանրապետության տարածքում։
«Ինչ վերաբերում է Եվգենի Պրիգոժինին, նա գտնվում է Սանկտ Պետերբուրգում: Իսկ թե որտե՞ղ է նա այսօր առավոտյան. գուցե առավոտյան մեկնել է Մոսկվա...»,- այսօր Մինսկում Անկախության պալատում արտասահմանցի և բելառուս լրագրողների հետ հանդիպմանը ասել է Լուկաշենկոն։ Բելառուսի նախագահի խոսքերը մեջբերում է ԲելՏԱ պետական գործակալությունը։ «Բելառուսի տարածքում նա չկա»,- ընդգծել է Լուկաշենկոն։
«Որքանով ես այսօր առավոտյան տեղեկացա, «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության մարտիկները գտնվում են իրենց ճամբարներում: Մշտական ճամբարներում, որտեղ նրանք գտնվում էին ռազմաճակատից դուրս գալուց հետո՝ վերականգնվելու համար»,- հավելել է Լուկաշենկոն։
Միաժամանակ նա նշել է, որ Բելառուսի համար ռիսկեր չի տեսնում, եթե այդ մարտիկները տեղակայվեն հանրապետությունում։