Լեհաստանը 15 մլրդ դոլարով ԱՄՆ-ից գնելու է Patriot համակարգեր
Լեհաստանն ԱՄՆ-ից գնելու է մինչև 15 մլրդ դոլար արժողությամբ Patriot զենիթահրթիռային համակարգեր, հայտարարել է Պենտագոնը։

ԱՄՆ Պաշտպանական անվտանգության համագործակցության հարցերով գործակալությունը հայտնել է, որ գործարքի շրջանակներում կվաճառի Patriot PAC-3-ի արձակման կայանք և մինչև 644 Patriot PAC-3 MSE հրթիռ, ինչպես նաև ռադարներ և կառավարման բաղադրիչներ: 

Պետդեպարտամենտը, որը վերահսկում է սպառազինության արտահանումը, երեկ հավանություն է տվել գործարքին, որի արդյունքում Վարշավան կստանա ՀՕՊ ամենաժամանակակից համակարգերից մեկը:

«Նախատեսվող գործարքը կբարելավի Լեհաստանի հակահրթիռային պաշտպանության պոտենցիալը և կօգնի հասնել Լեհաստանի ռազմական նպատակներին՝ ԱՄՆ-ի և այլ դաշնակիցների հետ օպերատիվ համատեղելիությամբ թարմացնել պոտենցիալը», - ասվում է գործակալության հայտարարության մեջ: