Թրամփը խոստովանել է, որ կցանկանար առաջադրվել ԱՄՆ նախագահի երրորդ ժամկետի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահի երրորդ ժամկետի համար, եթե դա թույլատրված լիներ ԱՄՆ Սահմանադրությամբ։ New York Post-ի Pod Force One փոդքասթին տված հարցազրույցում նա ընդունել է, որ Սահմանադրության 22-րդ փոփոխությամբ սահմանված սահմանափակումները բավական խիստ են։ Հարցազրույցից հատվածներ է հեռարձակել Fox News-ը։


«Ես կցանկանայի կրկին առաջադրվել, բայց ձևակերպումները շատ խիստ են»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով նախագահի պաշտոնում երրորդ անգամ առաջադրվելու հնարավորության մասին հարցին։


ԱՄՆ Սահմանադրության 22-րդ փոփոխությունն արգելում է նույն անձին ավելի քան երկու անգամ ընտրվել նախագահի պաշտոնում։ Թրամփը բազմիցս անդրադարձել է երրորդ ժամկետի հնարավորությանը՝ միաժամանակ ընդունելով սահմանադրական սահմանափակումների առկայությունը։ Հոկտեմբերին նա կրկին հայտարարել էր, որ, իր կարծիքով, իրավունք ունի առաջադրվելու՝ պնդելով, որ հաղթել է նաև 2020 թվականի նախագահական ընտրություններում, որոնցում պարտվել էր Ջո Բայդենին։


Միևնույն ժամանակ, նախագահի պաշտոնում երրորդ ժամկետի հնարավորությունը թույլատրելու համար անհրաժեշտ կլիներ փոփոխություն կատարել ԱՄՆ Սահմանադրության մեջ։ Դրա համար առաջարկվող փոփոխությունը պետք է ստանար Կոնգրեսի երկու պալատների անդամների երկու երրորդի աջակցությունը, այնուհետև վավերացվեր ԱՄՆ նահանգների առնվազն երեք քառորդի կողմից։