«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինի խռովությունը ցույց տվեց, որ պատերազմ մղելով Ուկրաինայում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կործանում է սեփական երկիրը։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկը հունիսի 27-ին Հարավային Աֆրիկա կատարած այցի ժամանակ։
Մեկնաբանելով Պրիգոժինի խռովությունը՝ Բերբոկը կրկին ընդգծել է, որ դա «Ռուսաստանի ներքին գործն է», Եվրոպան և Գերմանիան չեն խառնվում դրան, թեև դաշնային կառավարությունը «շատ ուշադիր հետևում է իրավիճակին»։ Վարձկանների ապստամբությունը հասկացնում է, որ պատերազմելով Ուկրաինայում՝ Պուտինը «կործանում է իր երկիրը» և Ռուսաստանում «անվտանգությունը դնում սպառնալիքի տակ», հայտարարել է Բերբոկը:
Նախօրեին Բերբոկը դարձյալ մեկնաբանել էր Պրիգոժինի խռովության փորձը՝ հայտարարելով, որ Ռուսաստանում իրադարձությունները շարունակում են զարգանալ, և դեռևս վերջնականապես պարզ չէ, թե ինչ է կատարվում այդ երկրում։ Նրա խոսքով՝ հանգստյան օրերին տեղի ունեցածը, ակնհայտորեն, միայն «մեկ գործողություն էր այս ռուսական դրամայում»: