Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սկսել են քննարկել բրիտանացի և ֆրանսիացի զինվորներին Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը՝ որպես խաղաղապահ ուժեր այն դեպքում, եթե ձեռք բերվի ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու համաձայնություն։ Այս մասին հայտնել է բրիտանական The Telegraph թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Մեծ Բրիտանիայի
կառավարությունում պարբերականի բազմաթիվ աղբյուրներ նշել են, որ Սթարմերը
վերջնական որոշում չի կայացրել։ Կառավարության աղբյուրներից մեկը The Telegraph-ին
ասել է. «Մենք մի փոքր առաջ ենք վազում: Մենք դեռ չենք հասել նպատակին»։
Bloomberg գործակալության աղբյուրները նույնպես հայտնել են,
որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը սկսել է ակտիվորեն քննարկել Ուկրաինայում
խաղաղապահ ուժեր տեղակայելու հնարավորությունը։ Գործակալության զրուցակիցները նշել
են, որ անվտանգության խնդիրների պատճառով այս գաղափարն ունի հակառակորդներ Քիր
Սթարմերի գրասենյակի և Մեծ Բրիտանիայի այլ կառավարական կառույցների աշխատակիցների
շրջանում։
Bloomberg-ը նշել է, որ Քիր Սթարմերը, ինչպես սպասվում է, խաղաղապահների
հարցը կարող է քննարկել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը։
Associated Press-ը հաղորդել է, որ Սթարմերը իր առաջին այցն է կատարել Կիև, նրա
ուղևորության մասին նախապես չէր հայտարարվել:
Ուկրաինայում եվրոպական ռազմական կոնտինգենտի տեղակայման
թեման՝ որպես հրադադարի հնարավոր համաձայնագրի երաշխիք, սկսել է քննարկվել այն
բանից հետո, երբ դեկտեմբերին Փարիզում հանդիպեցին Ֆրանսիայի նախագահ Էմանուել
Մակրոնը, ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր
Զելենսկին։ Ինչպես նշում է The Telegraph-ը, Մակրոնը խաղաղապահների հարցը արդեն
քննարկել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ դեկտեմբերի կեսերին, ինչպես նաև Վլադիմիր
Զելենսկու հետ հունվարի 13-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ։