«Հրեշը, որ ստեղծվել է Պուտինի կողմից, կծում է իրեն ստեղծողին». Բորելը՝ «Վագներ»-ի խռովության մասին
Խռովության փորձը, որ նախաձեռնել էր «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը՝ իր հիմնադիր Եվգենի Պրիգոժինի գլխավորությամբ, ցույց է տալիս, որ Ուկրաինա ներխուժումը խարխլում է Ռուսաստանի ռազմական հզորությունը և ազդում է երկրի քաղաքական համակարգի վրա, ասել է արտաքին հարաբերությունների հարցերով ԵՄ ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Կարևոր է հասկանալ, որ դա (խռովության փորձը) խարխլում է Ռուսաստանի ռազմական հզորությունը և ազդում նրա քաղաքական համակարգի վրա։ Տագնապալի է տեսնել, որ այնպիսի միջուկային տերություն, ինչպիսին Ռուսաստանի Դաշնությունն է, կարող է մտնել քաղաքական անկայունության փուլ»,- նշել է Բորելը ժամանելով Լյուքսեմբուրգ՝ ԵՄ երկրների արտգործնախարարների հանդիպմանը:

Պատասխանելով հարցին, թե արդեն ինչ հետևություններ կարող է անել Եվրամիությունը ստեղծված իրավիճակից, եվրոպական դիվանագիտության ղեկավարն ասել է. «Ամենակարևոր եզրակացությունը հետևյալն է. Ուկրաինայի դեմ պատերազմը սանձազերծել է Պուտինը, և հրեշը, որ ստեղծվել է Պուտինի կողմից «Վագներ»-ի տեսքով, կծում է նրան։ Հրեշը ապստամբել է իրեն ստեղծողի դեմ»։ 

Բորելը նաև հավելել է, որ Եվրամիությունը ուշադրությամբ հետևում է Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններին՝ կապված զինված խռովության փորձի հետ, սակայն այժմ ամենակարևորը աջակցությունն է Ուկրաինային։ Բորելը հայտարարել է Կիևին 3,5 միլիարդ եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթի մասին։