Ուկրաինական «Նավթոգազ»-ը հայց է ներկայացրել ամերիկյան դատարան՝ ՌԴ-ից պահանջելով 5 միլիարդ դոլար
Ուկրաինական «Նավթոգազ» ընկերությունը հայց է ներկայացրել ԱՄՆ դատարան, որի շրջանակներում Ռուսաստանից պահանջում է 5 միլիարդ դոլար՝ բռնակցված Ղրիմում ունեցած ակտիվների համար, հայտնում է Reuters-ը։ 

Հայցը ներկայացվել է Կոլումբիայի շրջանի դատարան։ «Նավթոգազ»-ը, հայտարարելով դատական հայցի մեկնարկի մասին, ընդգծել է, որ դիմել է ամերիկյան դատարան, քանի որ ԱՄՆ-ն այն երկրներից մեկն է, որը պատժամիջոցների շրջանակներում սառեցրել է ռուսական ակտիվները։ 

Խոսքը ուկրաինական ընկերությանը տրվող փոխհատուցման մասին է, որը վերաբերյալ ապրիլին որոշում է կայացրել Հաագայի արբիտրաժային դատարանը։ «Նավթոգազն» այդ ժամանակ հայտարարել է, որ եթե Ռուսաստանի իշխանությունները հրաժարվեն կամավոր կերպով կատարել դատարանի որոշումը, ապա, համաձայն 1958 թվականի Նյու Յորքի կոնվենցիայի, «Նավթոգազն» իրավունք ունի սկսել դատարանի որոշման հարկադիր կատարման գործընթաց այն երկրների տարածքներում, որտեղ գտնվում են ՌԴ ակտիվները: