Միշուստինն առաջարկել է հրավիրել հայ գործընկերներին՝ քննարկելու Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման գնային քաղաքականությունը
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը «Եվրասիան մեր տունն է» ցուցահանդեսին այցի ժամանակ առաջարկել է հրավիրել հայ գործընկերներին՝ «խոսելու համար Հայաստանում նոր ատոմակայանի արտադրության արժեքի մասին»։ Այսպես է նա արձագանքել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերին, թե «Ռոսատոմ»-ն առաջարկում է կառուցել ընդամենը 1200 մեգավատտ հզորությամբ բլոկներ, բայց ոչ ավելի ցածր։ 

Միևնույն ժամանակ, «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչյովը ասել է, որ ընկերությունը կարող է կառուցել և՛ 600 մեգավատտ, և՛ 400, բայց դրանք կլինեն առաջատար նախագծեր և փոքր-ինչ ավելի թանկ։ «Ալեքսեյ (Լիխաչյով), այդ դեպքում պետք է գնային քաղաքականությունը քննարկենք: Մենք պատրաստ ենք քննարկել, սա առաջին: Նույնը մեր ղազախստանցի գործընկերների հետ, մենք պատրաստ ենք»,- ասել է ՌԴ վարչապետը: Բացի դրանից, նա պատվիրակությունների ղեկավարների ուշադրությունն է հրավիրել այն բանի վրա, որ ԱԷԿ-ի կառուցման նախագծերն իրագործելիս գիտահետազոտական և կոնստրուկտորական աշխատանքներին կարող են մասնակցել այն երկրների գիտնականներն ու տեխնոլոգները, որոնց «Ռոսատոմ»-ը տեխնոլոգիաներ է առաջարկում։ 

Նա «Ռոսատոմ»-ի ղեկավարին առաջարկել է հրավիրել ԵԱՏՄ երկրների գործընկերներին և դիտորդներին միանալ Ռուսաստանին՝ ծանոթանալու բլոկների ամբողջ շղթային՝ այն հզորությունների առումով, որոնք ընկերությունը կարող է կառուցել։