Մոսկվա և Կիև կգործուղվի աֆրիկյան առաջնորդների առաքելություն՝ քննարկելու խաղաղության ծրագիրը. ՀԱՀ-ի նախագահ
Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինն ու Վլադիմիր Զելենսկին պայմանավորվել են ընդունել աֆրիկյան առաջնորդների առաքելությունը՝ քննարկելու ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հնարավոր խաղաղության ծրագիրը: Այս որոշումն ընդունվել է Ռամաֆոսայի և Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահների հեռախոսազրույցների արդյունքներով, հայտնում է Reuters-ը։

«Երկու առաջնորդների հետ իմ բանակցությունները ցույց տվեցին, որ նրանք երկուսն էլ պատրաստ են ընդունելու աֆրիկյան առաջնորդներին և քննարկելու, թե ինչպես կարելի է վերջ տալ այս հակամարտությանը,- հայտարարել է Հարավային Աֆրիկայի նախագահը Սինգապուրի վարչապետի հետ համատեղ ճեպազրույցում։- Կհաջողվի սա, թե ոչ՝ կախված կլինի այն քննարկումներից, որոնք կանցկացվեն»։ 

Ռամաֆոսայի խոսքով՝ խաղաղության ծրագրին աջակցել են Սենեգալի, Ուգանդայի և Եգիպտոսի առաջնորդները։ Նախաձեռնության մասին տեղեկացվել են նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի իշխանությունները։ Վաշինգտոնը և Լոնդոնը «զգուշավոր» աջակցություն են հայտնել ծրագրին, հավելել է Հարավային Աֆրիկայի նախագահը:

Մոսկվայի և Կիևի ներկայացուցիչները առայժմ ոչ մի կերպ չեն մեկնաբանել Ռամաֆոսայի հայտարարությունները։