ԵՄ-ն Վրաստանին կոչ է արել թույլ չտալ ռուսական ինքնաթիռների թռիչքը իր տարածքով
Եվրամիությունը «ի գիտություն է ընդունել» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը վերացնելու և Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը վերականգնելու որոշումը։ Միաժամանակ Բրյուսելը Թբիլիսիին հիշեցրել է Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցների մասին։

«Ուկրաինայի դեմ Ռուսաստանի անօրինական ագրեսիայի պատճառով Եվրամիությունը մի շարք միջազգային գործընկերների և այլ երկրների հետ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի ավիացիոն սեկտորի դեմ։ Մենք արգելում ենք թռիչքները դեպի Ռուսաստան, Ռուսաստանից, երկրի տարածքով։ ԵՄ-ն կոչ է անում Վրաստանին, որը հավակնում է ստանալ ԵՄ թեկնածուի կարգավիճակ, միանալ այս պատժամիջոցներին և պահպանել զգոնություն պատժամիջոցները շրջանցելու ցանկացած հնարավոր փորձերից, հատկապես ավիացիոն սեկտորում»,- ասել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Փիթեր Ստանոն: