Իտալիայի 38 խորհրդարանականներ Բաքվում անցկացվելիք ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովից առաջ կոչ են արել Ադրբեջանին ազատել հայ ռազմագերիներին։ Այս մասին հայտնում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը։
Խորհրդարանականները արձանագրում են, որ Բաքվում դեռևս պահվում են 23 հայ ռազմագերիներ, որոնց ընտանիքները երկար ժամանակ է, ինչ սպասում են նրանց տուն վերադարձին։
«Իտալիայի Հանրապետության պատգամավորներն ու սենատորները կոչ են անում կառավարությանը՝ Ադրբեջանցի գործընկերոջը հորդորել, որպեսզի COP29 միջոցառման շրջանակում, որպես բարի կամքի դրսևորում և ի նշան Իտալիայի հետ բարեկամության, ազատ արձակի բոլոր հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց, ապահովել՝ անհրաժեշտության դեպքում նաև սեփական միջոցներով, նրանց տուն վերադարձը»,-նշված է հրապարակված կոչում։
Խորհրդարանականները ընդգծել են, որ Իտալիան Բաքվի հետ ունի շատ լավ առևտրային և քաղաքական հարաբերություններ, ինչպես նաև արդյունավետ համագործակցություն էներգետիկ ոլորտում, ինչն Իտալիան դասում է Ադրբեջանի առաջնային եվրոպական գործընկերների շարքում։
Նշել են, որ նաև Իտալիայի շահերից է բխում Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատումը, ուստի նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության բարձրացմանը նպաստող բոլոր գործողությունների և վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման խրախուսումը։