Մայիսի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա հույն հայտնի երգիչ Նիկոս Վերտիսի մենահամերգը։ Սա երգչի առաջին այցն է Հայաստան։ Համերգի կազմակերպիչը Բաքեթ լիսթ թրեվլ ընկերությունն է։ Երգիչը երեկ ուշ գիշերը ժամանեց Երևան, որտեղ նրան դիմավորեցին երկրպագուներն ու լրագրողները։ Լրագրողների հետ զրույցի ընթացքում Նիկոսն ասաց, որ Հայաստանի մասին լսել է իր հայ ընկերներից։
«Ես շատ հայ ընկերներ ունեմ Հունաստանում, մենք շատ նման մշակույթ ունենք։ Նաև կրոնն է ազդեցություն ունենում։ Ես հենց նոր իմացա, որ առաջին հույն արտիստն եմ, որ ժամանում եմ Հայաստան։ Պատրաստվում եմ ներկայացնել հունական երաժշտությունը հայ հանդիսատեսին։ Հուսով եմ ամեն ինչ լավ կանցնի», - ասաց երգիչը։
Նիկոսը նշեց, որ ներկայացնելու է իր վերջին 20 տարիների հիթային երգերը, որոնք ավելի ճանաչված են Հունաստանում և դրա սահմաններից դուրս։
Նիկոսը ծնվել և ապրել է Հոլանդիայում, այնտեղ երգել է փոքր ակումբներում և ռեստորաններում, ապա 1998-ին տեղափոխվել Հունաստան և ելույթներ ունեցել արդեն հունական ակումբներում։
«Երգչի համար շատ լավ է, երբ նա սկսում է իր կարիերան փոքր ակումբներից, այդպիսով նա փորձառություն է ձեռք բերում՝ մինչ մեծ բեմերում ելույթներ ունենալը», - նշում է Նիկոսը։
Ո՞րն է ավելի դժվար՝ ելույթներ ունենալ փոքր ակումբներու՞մ, թե՞ մեծ բեմում հարցին ի պատասխան արտիստն ասաց․ «Օրերս այդ քննարկումը ունեցանք։ Ինձ համար ավելի հեշտ է ելույթ ունենալ 500 կամ 1000 հանդիսատեսի համար, որովհետև, ինչպես գիտեք, Հունաստանում, Աթենքում ակումբները բավական մեծ են, մինչև 3000 հանդիսական կարող է ներկա լինել, և մենք շաբաթական երկու համերգ էինք ունենում։ Ամեն շաբաթ 5-6 հազար հանդիսական էր ներկա գտնվում, բայց երբեմն, երբ ելույթ եմ ունենում 1000 մարդու համար, դա, անկեղծ ասած, ինձ ավելի է դուր գալիս»։
Իսկ արդյո՞ք փոքր ակումբների հանդիսատեսն ավելի լավն է երգչի կարծիքով։
«Չէի ասի, որ ավելի լավն է։ Ես սովոր եմ ելույթ ունենալ բազմաթիվ հանդիսականների առջև, բայց երբ ներկա է 5-10 հազար մարդ ավելի բարդ է միաձուլվել հանդիսականին և երջանկացնել։ Կապ չունի 20 հազար հանդիսատես է ներկա թե 5, արտիստը պետք է լավագույնս ներկայանա և ուրախացնի հանդիսատեսին»։
Նիոկսը հետևում է նաև իր սոցիալկան կայքերին, և այնտեղ բազմաթիվ հաղորդագրություններ է ստացել հայ երկրպագուներից, ովքեր խնդրել են համերգով հանդես գալ Հայաստանում։
«Գիտեմ հայկական ժողովրդական երգեր, սակայն դրանց անունները չգիտեմ, բայց 10-11 տարի առաջ ես այդ երաժշտությամբ եվ հունարենով երգ եմ ստեղծել, այն կարծես հեքիաթ լինի, հուսով եմ այդ երգը ևս կներկայացնեմ այս համերգի ընթացքում», - եզրափակեց հույն երգիչը։
Նիկոսը Հայաստան է ժամանել իր 28 հոգանոց մեծ խմբի հետ՝ երաժիշտներ, վոկալիստներ և այլ մասնագետներ։ Համերգի տոմսերը վաճառվում են ինչպես օնլայն եղանակով, այնպես էլ մարզահամերգայինի տոմսարկղից։ Տոմսերի արժեքները սկսվում է 10 հազար դրամից մինչև 50 հազար դրամ, որոնք արդեն գրեթե սպառվել են։
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան