Ապրիլի 27-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Թուրքիայի նախագահականի հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները և տարածաշրջանային հարցերը։
Էրդողանը շնորհակալություն է հայտնել Պուտինին այն ներդրումների համար, որ ունեցել է «Աքքույու» ատոմակայանի (ԱԷԿ) կառուցման գործում, որի միջուկային վառելիքի բեռնման արարողությունն իրականացվել է հեռախոսազրույցից հետո։
Քննարկվել են «Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի զարգացումները», աշխատանքները հացահատիկի համաձայնագրի համատեքստում, Սիրայում տեղի ունեցող զարգացումները։
Հեռախոսազրույցն ունկնդրել են նաև Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը և ազգային հետախուզական ծառայության պետ Հաքան Ֆիդանը։
Այնուհետև Էդրողանն ու Պուտինն առցանց եղանակով մասնակցել են ատոմակայանի միջուկային վառելիքի բեռնման արարողությանը, որով Աքքույուն ստացել է միջուկային օբյեկտի կարգավիճակ։
Էրդողանը ելույթ է ունեցել, որում նշել է, որ 60 տարվա հապաղումից հետո Թուրքիան, ի վերջո, մտավ միջուկային ուժ ունեցող երկրների լիգայ։ Շեշտել է, որ Աքքույուն Ռուսաստան-Թուրքիա ամենամեծ համատեղ ներդրումն է, ծրագրի արժեքը 20 մլրդ դոլար է։ Ընդգծել է, որ մինչև 2028թվականն աստիճանաբար շահագործման են հանձնվելու ԱԷԿ-ի բոլոր բլոկները։
Ըստ Էրդողանի՝ այդ ատոմակայանն ապահովելու է Թուրքիայի էլեկտրաէներգիայի սպառման 10 տոկոսը, ամբողջ հզորությամբ գործարկվելու դեպքում տարեկան կարտադրվի 35 մլրդ կՎտժ. էլեկտրաէներգիա։
Հիշեցնենք, որ «Աքքույու» ատոմակայանի առաջին էներգաբլոկի շինարարությունը սկսվել է 2018թ. ապրիլին, երկրորդինը՝ 2020թ. ապրիլին, երրորդինը՝ 2021թ. մարտին, չորրորդինը՝ 2022թ. հուլիսին։
Աղբյուր`
Ermenihaber.am