Ռեժիսոր Արմինե Անդայի կարճամետրաժ անիմացիոն «Թռչող տերևների երգը» ֆիլմը միանգամից երկու հաջողություն ունի․ այն ընդգրկվել է Սլովակիայի Fest Anca անիմացիոն միջազգային կինոփառատոնի «Համաշխարհային պանորամա» ծրագրում և Հնդկաստանի SIFFCY - Smile միջազգային մանկապատանեկան կինոփառատոնի պաշտոնական մրցույթում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը:
«Թռչող տերևների երգը» «Հոշկի Ֆիլմ»-ի առաջին հայ-իրանական անիմացիոն ֆիլմն է: Ռեժիսորի հետ միասին ֆիլմի սցենարի հեղինակն է նաև ուկրաինահայ հայտնի ռեժիսոր Ռոման Բալայանը։ Համաշխարհային պրեմիերայից անցել է մեկ ամիս, սակայն ֆիլմն արդեն հայտարարված է վեց կինոփառատոնի ծրագրում։
Հայաստանի ազգային կինոկենտրոնից բացի ֆիլմի ստեղծմանն աջակցել են «Օբերտոն» և «Բաղինյան արտ վիդեո» հայկական ընկերությունները։ Իսկ ֆիլմի համարտադրողն է իրանական «Հուրախշ ստուդիոզ» ընկերությունը։