Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տնօրենի նոր պաշտոնակատար է նշանակել Քրիստինե Դումանյանին: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը։
«Քաղաքապետի որոշումն է։ Աշխատանքային գործընթաց էր, որևէ քննադատություն չի եղել։ Ընդունման-հանձնման նախնական փուլն է։ Դպրոցը չուներ տնօրենի պաշտոնակատար, պարտականությունների կատարումը վերապահված էր աշխատակիցներից մեկին՝ Լարիսա Մովսիսյանին, նա առողջական խնդիրների պատճառով չի կարողացել ներկայանալ աշխատանքի։ Անհրաժեշտություն է առաջացել նշանակել պաշտոնակատար»,- ասաց նա:
Վերջինս նշեց, որ չի մեկնաբանելու շրջանառվող լուրերը, թե պատկան մարմիններն են իրենց նախընտրած թեկնածուին նշանակել․ «Նշանակումը կապ չունի շրջանառվող լուրերի հետ: Չեմ էլ պատրաստվում մեկնաբանել դրանք՝ կասկածի տակ դնելով պետական այլ մարմինների աշխատանքը: Հետևանք կար, տարբեր պատճառներից ելնելով, անհրաժեշտություն առաջացավ ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու»,- նշեց նա: