Գերմանիայում արձանագրվում է ապրանքների վաճառքի բում ՌԴ-ին հարևան երկրներ, այդ թվում՝ Հայաստան. հնարավոր է պատժամիջոցների շրջանցում. Spiegel
Ռուսաստանին հարևան երկրները գնալով ավելի շատ են գնում գերմանական ապրանքներ և, հավանաբար շրջանցելով արևմտյան պատժամիջոցները, վաճառում են Մոսկվային։ Այս մասին ասվում է Spiegel-ի հոդվածում, գրում է «Եվրոպական ճշմարտությունը»։

Հոդվածում, մասնավորապես, խոսվում է Հայաստանի մասին, որը երկու տարվա ընթացքում չորս անգամ ավելացրել է իր արտահանումը դեպի Ռուսաստան՝ հասցնելով մոտ 2,5 միլիարդ դոլարի։

Բացի ավանդական մրգերից ու ընկույզից, ինչպես նաև «Արարատ» մակնշմամբ գինուց ու կոնյակից, վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանը սկսել է արտահանել ամեն տեսակի բարձր տեխնոլոգիական և արդյունաբերական ապրանքներ։

2022 թվականին Հայաստանը ռուս հաճախորդներին մատակարարել է 460 մլն դոլարի էլեկտրոնային սարքավորումներ։ Տեխնիկայի վաճառքը 14 մլն դոլարից հասել է 158 մլն դոլարի:

Դեկտեմբերին գերմանական ընկերությունների արտահանման եկամուտը հայկական բիզնեսից 287%-ով բարձր է եղել 2018-2020 թվականների միջին ցուցանիշից։ 

Բացի Հայաստանից, Ղազախստանը նույնպես սկսել է ավելի շատ գերմանական ապրանք գնել։ Գերմանական ընկերությունների արտահանման եկամուտը 2018-2020 թվականների միջին ցուցանիշի համեմատ աճել է 210%-ով։ Ղրղզստանում աճը կազմում է 1157 տոկոս։

Առևտրային հոսքերում փոփոխություններն այնքան մասշտաբային են, որ Վերակառուցման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) վերլուծաբանները խոսում են «եվրասիական շրջանցման ուղու» մասին։

Գերմանական բիզնեսի ներկայացուցիչները նշում են, որ առևտրի բումը կարելի է բացատրել նաև այլ գործոններով։

Մասնավորապես, մինչ ներխուժումը գերմանական շատ ընկերություններ Ռուսաստանն օգտագործում էին որպես վաճառքի կենտրոն, որտեղից ապրանքները առաքվում էին Երևան և Աստանա։ Քանի որ պատժամիջոցների պատճառով դա այլևս հնարավոր չէ, առաքումները կատարվում են անմիջապես այդ երկրներ։

Նաև Հայաստանում և Ղազախստանում ավելանում է պոտենցիալ հաճախորդների թիվը՝ Ռուսաստանից միգրանտների մեծ թվի պատճառով։

Միևնույն ժամանակ, ինչպես նշում է Spiegel-ը, այս պատճառները հազիվ թե բացատրեն գերմանական ապրանքների նման վաճառքը Ռուսաստանի Դաշնությանը հարևան երկրներին։