«Վրաստանի կառավարությունը վերածվել է Կրեմլի պատճենի». Ուկրաինայի ԱԳՆ

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին «Վրաստանի ղեկավարության կողմից Ուկրաինային իրենց երկրի ներքաղաքական գործընթացների մեջ ներքաշելու կրկնվող փորձերը»։


«Հաշվի առնելով Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունների արհամարհական տոնը՝ մենք ստիպված ենք ևս մեկ անգամ արտահայտել Ուկրաինայի դիրքորոշումը։ Զարմանք են հարուցում Վրաստանի ներկայիս կառավարության համառ ջանքերը՝ ջնջել վրաց ժողովրդի հիշողությունից այն բազմաթիվ հանցագործությունները, որոնք Ռուսաստանը կատարել և շարունակում է իրականացնել ինչպես Վրաստանի, այնպես էլ Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածքներում»,- ասված է հայտարարության մեջ։


Կիևը խայտառակություն է համարում, որ «Վրացական երազանք» կուսակցությունն իր քաղաքական գովազդում օգտագործում է «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի անողոք պատերազմի» պատկերները։


«Ցավով հայտնում ենք, որ ընդօրինակելով ռուսական մոտեցումները՝ սահմանափակելու քաղաքացիական հասարակության և իրավապաշտպան կազմակերպությունների մասնակցությունը երկրի ժողովրդավարական զարգացման և մրցակցային ընտրական միջավայրի պահպանման գործում, Վրաստանի կառավարությունը վերածվել է Կրեմլի պատճենի»,- ասվում է Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության մեջ։