Չինաստանի պաշտպանության նախարարը ապրիլի 16-19-ը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան
Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանֆուն ապրիլի 16-19-ը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան, այսօր հայտնել է Չինաստանի պաշտպանական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Թան Կեֆեյը։

«Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրավերով Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանֆուն ապրիլի 16-19-ը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան»,- հայտնել է Թան Կեֆեյը, որի խոսքերը մեջբերվում են WeChat սոցցանցի Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական օգտահաշվում։

Նշվում է, որ Լի Շանֆուն Ռուսաստանի Դաշնություն այցի ընթացքում բանակցություններ կվարի ռուսական բանակի ղեկավարության հետ, ինչպես նաև կայցելի ռուսական ռազմաուսումնական հաստատություններ։ 

Լրատվամիջոցները գրում են, որ Մոսկվայի կողմից Պեկինին Սու-35 կործանիչների և С-400 համալիրների վաճառքի գործարքի պատասխանատուն Լի Շանֆուն է։