Պենտագոնի գաղտնի տվյալների արտահոսքի մեջ կասկածվողը ձերբակալվել է. այսօր նա կկանգնի Բոստոնի դաշնային դատարանի առաջ
Հետաքննությունների դաշնային բյուրոն ձերբակալել է ԱՄՆ Օդային գվարդիայի զինծառայողին, որը կապված է Պենտագոնի գաղտնի տվյալների մասշտաբային արտահոսքի հետ, հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրին։

Նրա տվյալներով՝ խոսքը 21-ամյա Ջեք Թեյշեյրայի մասին է, որը ծառայում է ԱՄՆ Ազգային գվարդիայի Մասաչուսեթսի ստորաբաժանումում։

Associated Press-ի աղբյուրների տեղեկատվությամբ՝ Թեյշեյրան մասնագիտացած էր հետախուզական տվյալների հետ աշխատանքում, և նա ղեկավարել է չաթը, որում էլ հրապարակվել են գաղտնի փաստաթղթերը:

Թեյշեյրային սպառնում է մի քանի տասնյակ տարիների ազատազրկում, հաղորդում է The New York Times-ը:

Արդարադատության նախարար Մերիկ Գարլանդը հայտնել է, որ Թեյշեյրան կալանավորվել է «ազգային պաշտպանության գաղտնի տեղեկատվության չարտոնված հեռացման, պահպանման և փոխանցման» գործով։

Այսպիսով, եզրակացնում է պարբերականը, կասկածյալին մեղադրանք է առաջադրվելու, այսպես կոչված, լրտեսության մասին օրենքով։

Պարբերականը պարզաբանում է, որ այդ օրենքի խախտումը նախատեսում է քրեական պատասխանատվություն «ազգային պաշտպանության հետ կապված գաղտնի փաստաթղթերի չարտոնված հեռացման, պահպանման ու փոխանցման համար, որոնք կարող են օգտագործվել ԱՄՆ-ին վնասելու կամ օտարերկրյա հակառակորդին օգնելու համար»։

Պարբերականը ենթադրում է, որ համացանց արտահոսած յուրաքանչյուր փաստաթղթի համար կարող են առանձին մեղադրանքներ առաջադրվել Թեյշեյրային: Ընդ որում, մեղադրանքի յուրաքանչյուր կետ նախատեսում է ազատազրկման պատիժ՝ մինչև տասը տարի ժամկետով։

Արդարադատության նախարարության ներկայացուցիչը թերթին հայտնել է, որ գաղտնի փաստաթղթերի արտահոսքի մեջ կասկածվողին մեղադրանք կառաջադրվի Բոստոնի դաշնային դատարանում ապրիլի 14-ին: