ԵՄ-ն դադարեցրել է բարձր մակարդակով հանդիպումները Վրաստանի իշխանությունների հետ. Գերչինսկի

Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին լրագրողներին հայտնել է եվրոպական ինստիտուտների որոշման մասին, այն է՝ դադարեցնել հանդիպումները «Վրացական երազանքի» կառավարության հետ՝ ի պատասխան իշխող կուսակցության հակաեվրոպական գործողությունների և հռետորաբանության։


«Այս տարվա հունիսին մենք ներքին քննարկում ունեցանք մեր անդամ երկրների հետ այն մասին, թե ինչպիսին պետք է լինի մոտեցումը Վրաստանի իշխանությունների նկատմամբ, որոնք, մեր կարծիքով, անբարյացակամ են Եվրամիության նկատմամբ։ Բացի դրանից, մենք քննարկեցինք, թե ինչպես պետք է մոտենալ հակաարևմտյան և հակաեվրոպական նարատիվներին, քարոզչությանը և դավադրության տեսություններին, և որոշեցինք բարձր մակարդակի որևէ շփում չունենալ Վրաստանի ներկայիս կառավարության հետ։ Այդ իսկ պատճառով վերջին ամիսներին Վրաստան բարձր մակարդակի այցեր չեն եղել, Բրյուսելում վրացական իշխանությունների ներկայացուցիչների հետ բարձր մակարդակի հանդիպումներ չեն եղել»,- հայտարարել է Պավել Գերչինսկին։


 Ավելին, դեսպանն ընդգծել է, որ Եվրամիությունը պատրաստ է աշխատել այն իշխանությունների հետ, որոնք «պատրաստ են մտնել ԵՄ»։


«Եթե Վրաստանը դառնա միակուսակցական պետություն, երկիր, որտեղ քաղաքական ընդդիմությունն արգելված է, որտեղ քաղաքացիական հասարակությունը ստիպված կլինի մեկնել արտասահման՝ աշխատելու, որտեղ մարդու հիմնական իրավունքները, էլ չասած փոքրամասնությունների իրավունքների մասին, պաշտպանված չեն, Վրաստանը չի կարող դառնալ Եվրամիության անդամ՝ ոչ այսօր, ոչ վաղը, ոչ վաղը չէ մյուս օրը... Եթե այս կառավարությունը շահագրգռված է Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացով, մենք պատրաստ ենք աշխատել ցանկացած կառավարության հետ, որը ժողովրդավարական ճանապարհով կընտրվի վրաց ժողովրդի կողմից»,- ասել է դեսպանը։