Ուկրաինան ՌԴ-ի հետ բանակցություններում գտել է իդեալական միջնորդ. Ո՞վ է նա՝ ըստ Politico-ի

Ուկրաինան գտել է իդեալական միջնորդ, որի վրա կարող է խաղադրույք կատարել Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու խաղաղ բանակցություններում։ Նա Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին է, գրում է Politico-ն։


Ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյան պարբերականին հաստատել է, որ Հնդկաստանը Կիևի մեծագույն հույսն է խաղաղության պայմանագիր կնքելու համար։


Պաշտոնյայի խոսքով՝ Կիևի հետ ամառային բանակցությունների ընթացքում Մոդին հստակ հասկացրել է, որ թեև Ուկրաինան անխուսափելիորեն պետք է փոխզիջման գնա որոշ հարցերի շուրջ՝ վերջ դնելու համար Մոսկվայի հարձակմանը, այնուամենայնիվ պատերազմի դադարեցման ցանկացած առաջարկ չպետք է ներառի տարածքների հանձնում Ռուսաստանին:


Հոդվածում նշվում է, որ չնայած Հնդկաստանը հետևողականորեն ձեռնպահ է մնացել Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա դատապարտելուց, սակայն միաժամանակ հանդես է եկել ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի, ինչպես նաև պատերազմը դադարեցնելու օգտին: Եվ, ինչպես երևում է, մնում է միջնորդի միակ իրական տարբերակը այլ հնարավոր թեկնածուների շարքում։


«Հնդկաստանը, հնարավոր է, միակ համաշխարհային խաղացողն է, որը կարող է խաղալ այդ դերը, կամ ծայրահեղ դեպքում միակը, որը կարող է համոզիչ կերպով ներկայանալ որպես չեզոք կողմ Մոսկվայի և Կիևի նկատմամբ»,- գրում է պարբերականը։