Կանադայի ընդդիմադիր Պահպանողական կուսակցությունը խորհրդարանի
քննարկմանն է ներկայացրել վարչապետ Ջասթին Թրյուդոյի կառավարությանն անվստահություն
հայտնելու հարցը։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով «Global News» հեռուստաալիքին։
Այս հարցի շուրջ քննարկումները տեղի կունենան հոկտեմբերի 1-ին,
քվեարկությունը նշանակված հաջորդ օրը:
Սակայն, ինչպես նշում է պարբերականը, պահպանողականների նախաձեռնությունն
ամենայն հավանականությամբ կձախողվի, քանի որ մյուս երկու ընդդիմադիր կուսակցությունները`
Քվեբեկի դաշինքն ու Նոր Դեմոկրատական կուսակցությունը (ՆԴԿ), հայտարարել են, որ չեն
աջակցի նրանց։
Սեպտեմբերի 4-ին ՆԴԿ առաջնորդ Ջագմիթ Սինգհը հայտարարել էր,
որ լիբերալ կառավարությունը հիասթափեցրել է ժողովրդին և այլևս արժանի չէ իր կուսակցության
վստահությանը: Այս հայտարարությունը հնչել է պահպանողականների ղեկավար Պիեռ Պուալևրի
կոչից հետո, որը Թրյուդոյի կառավարությանը քննադատում է գների և կենսական ծախսերի բարձրացման
համար` պնդելով, որ այդ խնդիրները լուծելու խոստումներն այդպես էլ չիրագործվեցին։
2021 թվականի խորհրդարանական ընտրություններում Կանադայի Լիբերալ
կուսակցությունը չկարողացավ բացարձակ մեծամասնություն ստանալ խորհրդարանում։ 2022 թվականի
մարտին լիբերալները համաձայնագիր կնքեցին ՆԴԿ-ի հետ, որը պարտավորվեց աջակցել նրանց
առանցքային քվեարկություններում` իրենց նախաձեռնություններն առաջ մղելու դիմաց։ Սա
Թրյուդոյին թույլ տվեց խուսափել իր կառավարությունը հեռացնելու պահպանողականների փորձերից:
Կանադայում հաջորդ խորհրդարանական ընտրությունները նշանակված են 2025 թվականի հոկտեմբերին։