Մեծ Բրիտանիայի ներկայացուցչությունն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ պաշտոնական հանդիպման հեռարձակումը, որը կազմակերպել էր Ռուսաստանը «Ուկրաինայից տարհանված երեխաների հարցով»։ Այս մասին Թվիթերում հայտնել է բրիտանական պատվիրակությունը։
Այդ հանդիպմանը պատրաստվում է ելույթ ունենալ Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր երեխաների իրավունքների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովան, որին մարտին կալանավորելու օրդեր էր տվել Միջազգային քրեական դատարանը։ Լվովա-Բելովային, ինչպես և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կասկածում են Ուկրաինայի օկուպացված տարածքներից երեխաներին ապօրինաբար Ռուսաստան արտաքսելու մեջ։
Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչներն արգելափակել են նիստի հեռարձակումը ՄԱԿ-ի պաշտոնական ռեսուրսում, որպեսզի թույլ չտան Լվովա-Բելովային «տարածել ապատեղեկատվություն»։ «Եթե Մարիա Լվովա-Բելովան ցանկանում է պատմել իր գործողությունների մասին, նա կարող է դա անել Հաագայում»,- հայտարարել է պատվիրակությունը:
Ռուսաստանը այսօր՝ ապրիլի 5-ին, պատրաստվում է անցկացնել Անվտանգության խորհրդի ոչ պաշտոնական նիստ՝ «Երեխաները և զինված հակամարտությունները. ուկրաինական ճգնաժամ:
Երեխաների տարհանում հակամարտության գոտուց»
թեմայով:
ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին հայտնել է, որ ռուս դիվանագետները «հեռարձակումն իրականացնելու միջոց կգտնեն»։ Նա պարզաբանել է, որ հեռարձակումը տեղի կունենա իր Telegram-ալիքով։
Ապրիլի 1-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախագահելու իրավունքը մեկ ամսով անցել է Ռուսաստանին։ Ուկրաինայի ԱԳՆ-ն Ռուսաստանի նախագահությունը անվանել է վատ կատակ: