ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ զանգահարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել ամերիկացի լրագրողին։ Այս մասին հայտնում է Turan-ը:
Հիշեցնենք, որ Wall Street Journal-ի լրագրող, ԱՄՆ քաղաքացի Էվան Գերշկովիչը ձերբակալվել է անցյալ շաբաթ Եկատերինբուրգում՝ լրտեսության մեղադրանքով:
Բլինքենը լուրջ մտահոգություն է հայտնել Լավրովին լրագրողի ձերբակալման կապակցությամբ, ասվում է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ։
Բացի դրանից, «Բլինքենը Կրեմլին կոչ է արել անհապաղ ազատ արձակել նաև ապօրինի կերպով ձերբակալված ԱՄՆ քաղաքացի Փոլ Ուիլանին», որը ձերբակալվել էր Մոսկվայում 2018 թվականին և դատապարտվել 2020 թվականին լրտեսության համար։
«Պետքարտուղարն ու արտգործնախարար Լավրովը քննարկել են նաև պայմանների ստեղծման կարևորությունը, որոնք դիվանագիտական առաքելություններին թույլ կտան կատարել իրենց աշխատանքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։