Պայթյուն Սանկտ Պետերբուրգի սրճարանում. Զոհվել է ռազմական թղթակից Տատարսկին, վիրավորվել է 32 մարդ
Սանկտ Պետերբուրգի սրճարանում տեղի ունեցած պայթյունից տուժածների թիվը հասել է 32-ի, 10 պացիենտ գտնվում է ծանր վիճակում։ Այս մասին հայտնում է ՌԴ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

«Օպերատիվ տվյալներով՝ Սանկտ Պետերբուրգի սրճարանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժել է 32 մարդ, մեկ մարդ մահացել է: Տուժածներից 10-ի վիճակը գնահատվում է որպես ծանր, 16-ի վիճակը՝ միջին ծանրության, նրանց թվում է 14-ամյա աղջիկ, 5 մարդու վիճակը բավարար է»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

Կիրակի օրը Սանկտ Պետերբուրգի Ունիվերսիտսկայայի մերձափնյա սրճարանում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով զոհվել է մեկ մարդ՝ ռազմական թղթակից Վլադլեն Տատարսկին (իսկական անունը՝ Մաքսիմ Ֆոմին): «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրը հայտնում է, որ պայթուցիկ սարքը, ենթադրաբար, բերել է երեկոյի այցելուներից մեկը. տուփի մեջ եղել է արձանիկ՝ նվեր Տատարսկուն։

Հարուցվել է քրեական գործ համընդհանուր վտանգավոր եղանակով սպանության հոդվածով։ Սանկտ Պետերբուրգում «Կիբեր Ֆրոն Z» շարժումը, որը կազմակերպել էր միջոցառումը, հայտնել է, որ իրենք անվտանգության միջոցներ ձեռնարկել էին, սակայն պարզվել է, որ դրանք բավարար չեն եղել։