Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հրապարակել է իր առաջին
հայտարարությունը այն բանից հետո, երբ օգոստոսի վերջին Ֆրանսիայի իշխանությունները
նրան առաջադրեցին մեղադրանք մի քանի հոդվածներով՝ կապված
կազմակերպված հանցավորության հետ։
Նրա խոսքով՝ Փարիզ
ժամանելուց հետո ոստիկանությունը չորս օր հարցաքննել է իրեն: Մասնավորապես, նրան
ասել են, որ ինքը կարող է անձնական պատասխանատվություն կրել այլ մարդկանց կողմից
մեսենջերի անօրինական օգտագործման համար, քանի որ Ֆրանսիայի իշխանությունները
Telegram-ից պատասխաններ չեն ստացել։
Դուրովն այս մեղադրանքները համարել է զարմանալի։ «Եթե
երկիրը դժգոհ է ինտերնետ ծառայությունից, մշտական պրակտիկա է հենց այդ ծառայության
դեմ դատական հայց սկսելը: Մինչսմարթֆոնյան դարաշրջանի օրենքների կիրառումը գլխավոր տնօրենին մեղադրելու համար այն հանցագործություններում, որոնք իր
կառավարած հարթակում կատարել են երրորդ անձինք, սխալ մոտեցում է»,- գրել է Դուրովը:
«Գաղտնիության և անվտանգության միջև ճիշտ
հավասարակշռություն հաստատելը հեշտ գործ չէ: Ձեզ անհրաժեշտ է համաձայնեցնել
գաղտնիության մասին օրենքները իրավապահ մարմինների պահանջների հետ, իսկ տեղական
օրենքները՝ ԵՄ օրենքների հետ: Ձեզ անհրաժեշտ է հաշվի առնել տեխնոլոգիական
սահմանափակումները: Որպես հարթակ՝ դուք ցանկանում եք, որ ձեր գործընթացները համաձայնեցված
լինեն ամբողջ աշխարհում, ինչպես նաև երաշխավորել, որ դրանք չեն չարաշահվի օրենքի թույլ
գերակայություն ունեցող երկրներում: Մենք ձգտում ենք փոխգործակցել կարգավորող
մարմինների հետ՝ գտնելու ճիշտ հավասարակշռությունը: Այո, մենք հավատարիմ ենք մեր
սկզբունքներին. մեր փորձը ձևավորվում է ավտորիտար ռեժիմներում մեր օգտատերերին
պաշտպանելու մեր առաքելությունից: Բայց մենք միշտ բաց ենք եղել երկխոսության
համար։
Երբեմն մենք չենք կարող պայմանավորվել երկրի կարգավորող
մարմինների հետ գաղտնիության և անվտանգության միջև ճիշտ հավասարակշռության
հարցում: Նման դեպքերում մենք պատրաստ ենք լքել այդ երկիրը։ Մենք դա արել ենք
բազմիցս: Երբ Ռուսաստանը մեզնից պահանջեց հանձնել «գաղտնագրման բանալիները»՝ լրտեսում
ապահովելու համար, մենք մերժեցինք, և Telegram-ն արգելվեց Ռուսաստանում: Երբ Իրանը
մեզանից պահանջեց արգելափակել խաղաղ ցուցարարների ալիքները, մենք մերժեցինք, և
Իրանում արգելվեց Telegram-ը։ Մենք պատրաստ ենք լքել շուկաները, որոնք հակասում են
մեր սկզբունքներին, որովհետև մենք դա փողի համար չենք անում: Մենք առաջնորդվում
ենք բարիք գործելու և մարդկանց հիմնարար իրավունքները պաշտպանելու մտադրությամբ,
հատկապես այն վայրերում, որտեղ այդ իրավունքները խախտվում են»,- գրել է Դուրովը: