«Հայաստանը ժամանակ է ձգում և սպառազինվում է». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավորներից կազմված պատվիրակությանը՝ Ադրբեջան-Թուրքիա միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Շամիլ Այրըմի գլխավորությամբ։


Այրըմը նշել է, որ Անկարան պաշտպանում է Ադրբեջանի քայլերը՝ ուղղված տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովմանը։


Ալիևն իր հերթին ասել է, որ Ադրբեջանը տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման կողմնակից է։ Նա ընդգծել է, որ դրա համար, ինչպես բազմիցս նշել է, Հայաստանի Սահմանադրությունից պետք է բացառվեն տարածքային պահանջները Ադրբեջանի նկատմամբ և փոփոխություններ կատարվեն դրանում։


Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն «արդեն անցյալի մնացորդ է, և դրա հետ կապված ինստիտուտները պետք է ամբողջությամբ վերացվեն»։


«Մինսկի խումբը չվերացնելու վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը լիովին անհասկանալի է: Որովհետև եթե հակամարտությունը մնացել է անցյալում, և Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա ի՞նչ կարիք կա պահպանելու Մինսկի խումբը, որն անցյալի մնացորդ է։


Կարծես թե Հայաստանը շահագրգռված չէ խաղաղության պայմանագրով և տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելով։ Հայաստանը միտումնավոր ժամանակ է ձգում, նոր սպառազինություն է գնում Ֆրանսիայից, արևմտյան այլ երկրներից և այլ կողմերից, իր տարածքում երրորդ կողմերի հետ զորավարժություններ է անցկացնում»,- ընդգծել է Ալիևը։