«Հերիք է ձգձգեք ձեր խոստացած Patriot-ի մատակարարումը». Ուկրաինայի ԱԳ նախարարը դիմել է ԵՄ երկրներին

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան, որը հրավիրվել է ԵՄ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը, հանդիպումից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին։


Նախարարը, դիմելով ԵՄ երկրներին, ասել է, որ Ուկրաինային խոստացած զենքի հետաձգման հետ կապված միշտ տրվում են բացատրություններ. «Միշտ կան բացատրություններ այս՝ հետաձգման հարցին: Սակայն խնդիրն այն է, որ այս ձգձգումների համար մենք վճարում ենք ավերածություններով և կորուստներով:


Օգտվելով հնարավորությունից՝ ես կցանկանայի դիմել գործընկերներին, և հուսով եմ, որ իմ գործընկերները կհասկանան ինձ: Ես դիմում եմ ​​երկրներին, որոնք մեկ ամիս առաջ խոստացել են մատակարարել Ուկրաինային Patriot համալիրներ: Մատակարարեք մեզ արդեն այդ համակարգերը, այդ սպառազինությունը գտնվում է պահեստում և պատրաստ է: Ինչպիսին էլ լինեն այս ձգձգման պատճառները, եկել է մատակարարման ժամանակը: Մոտենում է աշունը, և երկուշաբթի օրը մենք ականատես եղանք ռուսական լայնածավալ ավիահարվածներին և հասկանում ենք, թե ինչպես կշարունակի Ռուսաստանը: Ես ևս մեկ անգամ կոչ եմ անում և խնդրում այդ երկրներին կատարել իրենց խոստումները»: