Հայաստանի
սպառազինությունը սպառնալիքի լրացուցիչ աղբյուր է տարածաշրջանի համար, հայտարարել
է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Անկարայում իր թուրք գործընկեր
Հաքան Ֆիդանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով՝ Հայաստանին դրան մղում են երրորդ
երկրները. «Նկատվող միտումը մտահոգություն է առաջացնում։ Այս ոչ ճիշտ
քաղաքականությունը դառնում է սպառնալիքի լրացուցիչ աղբյուր տարածաշրջանի համար։
Իհարկե, Ադրբեջանը հետևում է գործընթացներին, և դա արվում է Թուրքիայի հետ համակարգված։
Սա փոխադարձ աջակցություն է, ռազմավարական գործընկերություն և դաշնակցային
հարաբերություններ։ Մենք հավատում ենք, որ մեր երկրների այս քաղաքականությունը
տարածաշրջանում կբերի խաղաղություն, անվտանգություն և կայունություն»,- ասել է
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը։
Բայրամովը հայտարարել է նաև, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին Ղարաբաղի
վերականգնման գործընթացում. «Տարածաշրջանում ադրբեջանական ընկերություններին մեծ
աջակցություն են ցուցաբերում թուրքական ընկերությունները... Ակնկալվում է, որ
մինչև այս տարվա վերջ ավելի քան 20 հազար նախկին ներքին տեղահանվածներ կվերադառնան
«իրենց» հողերը: Իսկ 2026 թվականի վերջին ավելի քան 140 հազար քաղաքացիներ
կվերադառնան Ղարաբաղ վերաբնակեցման առաջին փուլի շրջանակներում»։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը մեկօրյա աշխատանքային այցով գտնվում էր
Անկարայում: