Ֆրանսիայի իրավապահ մարմինները երկարաձգել են Պավել Դուրովի
ժամանակավոր կալանքի ժամկետը: Այս մասին հայտնել է AFP-ն։
Ինչպես պարզաբանում է RFI-ն, ֆրանսիական օրենքները
թույլատրում են նախնական կալանքը մինչև 96 ժամ: Այնուհետև դատարանը պետք է որոշի՝
ազատ արձակե՞լ գործով անցնողին, թե՞ մեղադրանք առաջադրել և, անհրաժեշտության
դեպքում, պահել կալանքի տակ:
Պավել
Դուրովը ձերբակալվել է օգոստոսի 25-ի գիշերը Ֆրանսիայում։ Լրատվամիջոցները
հայտնում են, որ Telegram-ի հիմնադրին կարող են մեղադրանք առաջադրել մի շարք
հանցագործությունների՝ ներառյալ
խարդախության և ահաբեկչության համար,
հարթակում մոդերացիայի
բացակայության և հատուկ ծառայությունների հետ համագործակցությունից հրաժարվելու պատճառով։
Ֆրանսիայի դատախազությունը խոստացել է մանրամասներ հայտնել ավելի ուշ։
Telegram-ի թիմը, արձագանքելով Դուրովի կալանավորմանը,
հայտարարել է, որ ընկերությունը կատարում է եվրոպական օրենքները, իսկ հարթակում մոդերացիան
գտնվում է «արդյունաբերական ստանդարտների մակարդակում» և մշտապես բարելավվում է:
Telegram-ի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Դուրովը «թաքցնելու ոչինչ
չունի», և ընդգծվում է, որ «անհեթեթ է համարել, որ հարթակը կամ դրա սեփականատերը
պատասխանատու է այս հարթակում խախտումների համար»: