Պավել Դուրովի ձերբակալությունը Ֆրանսիայում մեծ արձագանք է առաջացրել միջազգային մամուլում
և զգալիորեն մեծացրել հետաքրքրությունը Telegram-ի նկատմամբ։ Այս դեպքը կարող է կարևոր
շրջադարձային պահ դառնալ Եվրոպայում Telegram-ի աճի համար, ինչպես դա եղավ Ռուսաստանում։
Հետաքրքիր է, առաջին երկրներից մեկը, որտեղ լայն
տարածում գտավ Telegram-ը, Ուզբեկստանն էր։
Մինչ որոշակի պահ Ռուսաստանում գերակշռում էին
WhatsApp և Viber մեսենջերները: Սակայն Telegram-ի վերելքը սկսվեց 2018 թվականին, երբ
Ռուսաստանի իշխանությունները փորձեցին արգելափակել այն, քանի որ Դուրովը հրաժարվեց
հասանելիություն տրամադրել Ռուսաստանի Անվտանգության Դաշնային Ծառայությանը (ՖՍԲ)։
Տարօրինակ է, բայց արգելափակումը ՌԴ-ում միայն ավելացրեց
հետաքրքրությունը Telegram-ի նկատմամբ՝ այն դարձնելով «ընդդիմության և խոսքի ազատության
խորհրդանիշ»։ Անկախ լրատվամիջոցների սահմանափակ հասանելիության պայմաններում
Telegram-ը դարձավ տեղեկատվության տարածման հիմնական աղբյուր՝ հատկապես ալիքների միջոցով,
որտեղ օգտատերերը կարող էին կիսվել նորություններով, կարծիքներով և անկախ վերլուծություններով։
Սա բերեց նրան, որ մեսենջերը դարձավ տեղեկատվության փոխանակման հարթակ՝ արագորեն շահելով
միլիոնավոր օգտատերերի վստահությունը։
Իսկ Եվրոպայում WhatsApp-ը շարունակում է գերակշռել
մեսենջերների շուկայում։ Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում և Ֆրանսիայում բնակչության
80-90%-ն օգտագործում է այս մեսենջերը։ Մինչդեռ Telegram-ի օգտատերերի թիվն այդքան
էլ մեծ չէ. Մեծ Բրիտանիայում այն օգտագործում է ընդամենը 3%-ը, իսկ Նիդեռլանդներում՝
8%-ը։ Իտալիայում և Իսպանիայում վիճակն ավելի լավ է՝ Telegram-ն օգտագործում է բնակչության
25-32%-ը, բայց ընդհանուր առմամբ Եվրոպայում WhatsApp-ը մնում է առաջատար՝ զգալի առավելությամբ։
Այնուամենայնիվ, Դուրովի ձերբակալությունը կարող
է փոխել այս իրավիճակը՝ նպաստելով Եվրոպայում Telegram-ի աճին։ Քանի որ օգտատերերը
ավելի հաճախ են մտածում գաղտնիության և խոսքի ազատության մասին, Telegram-ը կարող է
ընկալվել որպես գրավիչ այլընտրանք, հատկապես այն իրավիճակներում, երբ իշխանությունները
փորձում են ճնշել անկախ թվային հարթակները:
Եվրոպայում մեծ թվով մարդիկ Դուրովի ձերբակալությունը կարող են դիտարկել որպես իշխանությունների
հերթական փորձ՝ սահմանափակելու խոսքի ազատությունը։ Ի պատասխան դրա՝ շատ օգտատերեր
կարող են Telegram-ն ընկալել որպես պայքարի խորհրդանիշ՝ ընդդեմ գրաքննության և պետական
վերահսկողության։
Նման տրամադրությունները կարող են հանգեցնել նրան, որ Telegram-ը դառնա ավելի հայտնի
այն մարդկանց շրջանում, ովքեր դեմ են իշխանությունների միջամտությանը իրենց անձնական
և թվային կյանքին։