Զախարովան արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի երեկվա հայտարարությանը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի երեկվա հայտարարությանը և այն անվանել Ռուսաստանին սեփական սխալների համար մեղադրելու հերթական փորձ։


«Սա պաշտոնական Երևանի հերթական օրինակն է՝ սեփական սխալների և ռազմավարական սխալ հաշվարկների համար մեղադրել ուրիշներին, տվյալ դեպքում Ռուսաստանին»,- ասել է Զախարովան։


Նա մեջբերել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը, որին անդրադարձել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Զախարովայի խոսքով՝ այս ուղղությամբ մեծ աշխատանք է կատարվել Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում, որը համանախագահում են Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները։ Ընդհանուր առմամբ անցկացվել է 12 նիստ, որոնց արդյունքում հաջողվել է հասնել զգալի առաջընթացի։


«Այսպես, հայկական կողմի խնդրանքով որոշվել է չկապել երկաթուղային հաղորդակցության գործարկումը ավտոմոբիլային հաղորդակցության հետ: 2023 թվականի հունիսին Մոսկվայում կայացած վերջին հանդիպման ժամանակ հաստատվել են կողմերի ինքնիշխանության և իրավասության սկզբունքները իրենց տարածքով անցնող երթուղիների վերաբերյալ, ինչը պնդել է Երևանը: Հուսով եմ, որ նրանք, ովքեր հրապարակել են նշված մեկնաբանությունը, բավական ժամանակ կունենան դա ևս մեկնաբանելու համար»,- ասել է ռուս դիվանագետը։


Ինչպես նշել է Զախարովան, կարգավորվել են բեռների միջազգային տարանցման և դրանց մաքսային հսկողության հարցերը։ Այնուամենայնիվ երկաթուղային հաղորդակցության գործարկման շուրջ վերջնական պայմանավորվածություն չհաջողվեց ձեռք բերել սահմանային հսկողության հարցերում հենց հայկական կողմի անզիջում լինելու պատճառով։


Երևանը, նրա խոսքով, հեռացավ նախկինում համաձայնեցված դիրքորոշումներից և սկսեց պնդել ռուս սահմանապահների առկայության հարցում «փոխադարձության» սկզբունքը՝ պահանջելով, որ նրանք գտնվեն ոչ միայն հայկական, այլև ադրբեջանական կողմում։


«Ի հեճուկս 9-րդ կետի՝ Հայաստանի ներկայացուցիչները հրաժարվել են համաձայնության գալ Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ սահմանային ծառայության կողմից տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողության անցկացման շուրջ»,- ասել է Զախարովան։

 


Դիվանագետը նաև նշել է, որ Երևանը որևէ պարտավորություն չի ստանձնել Ադրբեջանի և Նախիջևանի միջև ավտոմոբիլային երթուղու գործարկման ժամկետների հարցում։ Որպես հետևանք Հայաստանի իշխանությունները, նրա խոսքով, հետևել են իրենց նոր արևմտյան ընկերներին և, փաստորեն, սառեցրել են համատեղ աշխատանքը եռակողմ աշխատանքային խմբում։ Բայց դա ոչ մի գործնական արդյունք չտվեց Հայաստանի շահերից բխող հաղորդակցությունների ապաշրջափակման առումով, նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։


Պաշտոնական Երևանը, Զախարովայի խոսքով, ցավոք, հերթական անգամ գործել է «Արևմուտքի ցուցումով», բաց է թողնում ոչ միայն հարևանների հետ տրանսպորտային հաղորդակցության կարգավորման հնարավորությունը՝ ի շահ սեփական ազգային տնտեսության, այդ թվում՝ իր «Խաղաղության խաչմերուկ» գաղափարի իրագործման հաշվին, այլև ընդհանուր տարածաշրջանի նորմալացմանը նպաստելու հնարավորությունը:


«Մեր կողմից պահպանում ենք 2020-2022 թվականներին ամենաբարձր մակարդակով եռակողմ հայտարարություններին հավատարմությունը։ Այդ պայմանավորվածությունների համալիրը այլընտրանք չունեցող հիմք է հայ-ադրբեջանական կարգավորման և ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում կայունության, անվտանգության և բարգավաճման հասնելու համար»,- ասել է ռուս դիվանագետը։


 Նա Երևանի իշխանություններին կոչ է արել թույլ չտալ Արևմուտքին ձախողել Անդրկովկասում կայուն խաղաղություն հաստատելու բազմամյա ջանքերը: Սա, նրա կարծիքով, հատկապես արդիական է՝ հաշվի առնելով Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու և Հայաստանի ու տարածաշրջանի այլ երկրների հետ Ռուսաստանի հարաբերություններում սեպ խրելու ԱՄՆ-ի և ԵՄ-ի մոլուցքը։