«Հայրենիքը պաշտպանելու ներքին պահանջ ունեք դուք... ուրեմն արդեն հաղթել եք». Պուտինը՝ չեչեն կամավորականներին

Չեչնիա այցելություն կատարած Վլադիմիր Պուտինն այցելել է Ախմաթ Կադիրովի գերեզման և Գուդերմեսում Ռուսական հատուկջոկատայինների համալսարանում հանդիպել պատերազմ մեկնող կամավորների հետ, հայտնում է Կրեմլը։ Նա նաև դարձել է հանրապետության պատվավոր քաղաքացի։


Ախմաթ Կադիրովի գերեզմանի մոտ, որը այցի ծրագրի առաջին կետն էր, Պուտինը հայտարարել է, որ ահաբեկչության ժամանակ զոհված հանրապետության ղեկավարը եղել է իր մտերիմ ընկերը, և նրան անվանել է «շատ տաղանդավոր, ազդեցիկ և կարգին» մարդ։ «Շատ բան արեց չեչեն ժողովրդի համար։ Կարծում եմ՝ զգալի չափով փրկեց չեչեն ժողովրդին»,- ասել է Պուտինը։ 


Հատուկջոկատայինների համալսարանում, որտեղ Պուտինը ժամանել է դրանից հետո, նա զրուցել է ռազմաճակատ մեկնելու պատրաստվող կամավորների հետ։ «Դուք ինքներդ ձեզ համար բարդ որոշում եք կայացնում։ Մի բան է կրակել այստեղ՝ հրաձգարանում, և մեկ այլ բան՝ վտանգի ենթարկել քո կյանքն ու առողջությունը: Բայց դուք ունեք Հայրենիքը պաշտպանելու ներքին պահանջ և նման որոշում կայացնելու քաջություն։ Եթե ​​դուք նման որոշում եք կայացրել, ուրեմն արդեն հաղթել եք»,- դիմել է Պուտինը կամավորներին։


 Միաժամանակ, Կադիրովը, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Պուտինին հայտնել է, որ Չեչնիայում ձևավորվել է մի քանի տասնյակ հազարանոց պատրաստված մարտիկների ռեզերվ, որոնք պատրաստ են հրամանի դեպքում մեկնել ռազմական գործողության ​​գոտի։