«ՀԱՊԿ-ից դուրս գալու պարագայում
մեր խնդիրները ավելի փոքր են, քան ՀԱՊԿ-ում մնալու պարագայում։ Իմ ընկալմամբ՝ կառավարությունը ունի ինքնատիպ ռազմավարություն՝ ստեղծել այնքան շատ խնդիրներ ՀԱՊԿ-ի ներսում, որ
ՀԱՊԿ-ը դուրս հանի իր կազմից ՀՀ-ին. նման բան արել է Ուզբեկստանը։ Ուզբեկստանը ՀԱՊԿ-ից
դուրս է եկել ՀԱՊԿ-ի որոշմամբ։ Իմ ընկալմամբ՝ ՀՀ-ն էլ է այդպես ցանկանում անել, այսինքն՝
չի վճարում անդամավճարները, չի մասնակցում զորավարժություններին և կառավարման պրոցեսում
է խնդիրներ ստեղծում։ Եթե ՀԱՊԿ-ը որոշի, որ ՀՀ-ն պետք է դուրս գա այդ կազմակերպությունից,
ապա ՀՀ-ն կազատվի այն քաղաքական պատասխանատվությունից, որը կունենար ՀԱՊԿ-ից դուրս
գալու պարագայում»: Այս մասին ասաց քաղաքագետ Արեգ Քոչինյանը՝ անդրադառնալով հայ-ռուսական
հարաբերություններին ու ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու նպատակահարմարությանը։
Քոչինյանը հասկանաի է համարում
նաև այն կարծքիը, որ ՀՀ-ն ՀԱՊԿ-ից դուրս չգալը փորձում է որպես գործիք օգտագործել ՌԴ-ի
դեմ, բայց այն հնարավորությունը, որը այսօր է տրված, փաստ չէ, որ վաղը ևս լինելու է.
«Այսօր հնարավոր է ՀԱՊԿ-ից դուրս գալ, բայց ես վստահ չեմ, որ վաղը ևս հնարավոր է լինելու»։
Քոչինյանի խոսքով՝ Արևմուտքից
Հայաստանին կոչ կա զգուշավորության, և հորդոր չկա, որ ՀՀ-ն դուրս գա ՀԱՊԿ-ից, բայց
դա արվում է նաև այն տրամաբանությամբ, որ Արևմուտքի վրա մեծ պատասխանատվություն չընկնի
Հայաստանի հետ կապված. «Ուկրաինայի դեպքում ևս Արևմուտքը կոչ էր անում չհարվածել ՌԴ-ին՝
ելնելով իր շահերից, բայց դա Ուկրաինայի շահերից չէր բխում։ Իհարկե, ՀԱՊԿ-ից դուրս
գալու դեպքում ՀՀ-ին երաշխիքներ չկան, բայց մենք ի՞նչ անենք այդ դեպքում, պիտի կորչի՞
մեր ազնիվ ցեղը զուր տեղը։ Կարծում եմ՝ կա զարգացման հնարավորություն, որ ՀՀ-ն դուրս
գա ՀԱՊԿ-ից ու փաստի առաջ կանգնեցնի իր արևմտյան գործընկերներին, այդ դեպքում պատասխանատվությունը
սեփական ուսերին չվերցնելը արևմտյան գործընկերների համար բարձր գին է արժենում։ Նավը
որը չի շարժվում, ոչ մի տեղ էլ չի հասնում»։
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ից դուրս
գալու կոչերին, ապա Քոչինյանը նշեց, որ մինչ այդ նախ պետք է ՀՀ-ում ապրանքների որակական
ստանդարտները բարձրացնել. «Այս երկրի տնտեսական դիմադրողականության տեսանկյունից ամենակարևորը
ոչ թե ԵԱՏՄ-ից դուրս գալն է, այլ մեր արտադրանքների որակական բարձր չափանիշները»։
Քոչինյանի կարծիքով՝ եթե պետությունը
չի կարողանում այնպես անել, որ ՀՀ-ում արտադրանքները բարձր որակի լինեն, ապա պետական
համակարգը լավ չի աշխատում. «Չեմ ուզում մտածել, որ պետությունը իմպոտենտ է։ Ամեն ինչ
փոխվում է պետական քաղաքականության արդյունքում, ու մենք մեր ներսում պետք է խոսենք
որակական ստանդարտների բարձրացման մասին։ Սա ներքին աշխատանք է, որը մեզ վաղը հնարավորություն
է տալու ԵՄ-ի, Պարսից ծոցի ու այլ ուղղություններով զարգացնել արտահանումը։ Երբ որ
դու ունես բարձր որակի արտադրանք, ապա խնդիր չի լինում արտահանել որևէ տեղ»։
Մանրամասն՝ տեսանյութում
Դավիթ Լևոնյան