2024 թվականի ընդունելության ամենամեծ մրցույթն արձանագրվել է Բժշկական համալսարանում. թափուր տեղեր չեն մնացել

2024 թվականի ընդունելության ամենամեծ մրցույթն արձանագրվել է Բժշկական համալսարանում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանն՝ ընդգծելով, որ ԵՊԲՀ-ում թափուր տեղեր չեն մնացել:


Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիական, ռազմաբժշկական և դեղագիտական ֆակուլտետներն այս տարի կունենան 712 առաջին կուրսի ուսանող: 


Ընդունելության քննությունների հիմնական փուլի մրցույթի արդյունքներով բժշկական բուհ է ընդունվել 661, իսկ լրացուցիչ փուլի արդյունքներով՝ 51 դիմորդ:


Ընդհանուր բժշկության ֆակուլտետն այս տարի կունենա 468, Ստոմատոլոգիական ֆակուլտետը՝ 143, Ռազմաբժշկական ֆակուլտետը` 20, Դեղագիտական ֆակուլտետը՝ 81 առաջին կուրսեցի: 


2024-2025 ուսումնական տարում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան հայտ է ներկայացրել 1105 դիմորդ, 691-ը՝ ընդհանուր բժշկության, 320-ը՝ ստոմատոլոգիական, 30-ը՝ ռազմաբժշկական, 64-ը՝ դեղագիտական ֆակուլտետ: