«Խաղերի վրա հարձակումը հարձակում է Ֆրանսիայի վրա». Դիվերսիաներ Փարիզում Օլիմպիադայի բացումից առաջ

Արագընթաց երկաթուղիների օպերատոր SNCF-ը ստիպված է եղել դադարեցնել երթևեկությունը երկրի մեծ տարածքներում օլիմպիական խաղերի մեկնարկի օրը բռնկված հրդեհների պատճառով, գրում է Financial Times-ը:


«Հրդեհները միտումնավոր են բռնկվել՝ վնասելու մեր ենթակառուցվածքը, և ինժեներների խմբերն արդեն տեղում են՝ խնդիրները լուծելու համար,- ասվում է SNCF-ի հայտարարության մեջ:- Մենք կգործարկենք որոշ քանակությամբ սովորական գնացքներ, բայց շատերը (արագընթացները) ստիպված պետք է չեղարկվեն»:  


Գիշերվա ընթացքում «վանդալիզմի մի քանի գործողություններ» են իրականացվել TGV երկաթուղային ցանցում, որը Փարիզը կապում է Ատլանտյանի ափին, երկրի հյուսիսում և արևելքում, պարզաբանել է SNCF-ը: Տրանսպորտի նախարար Պատրիս Վերգրիետեի խոսքով՝ երթևեկության խափանումները կշարունակվեն ողջ հանգստյան օրերին: Դրանք կարող են ազդել մոտ 800 հազար ուղևորի վրա, հայտարարել է SNCF-ի գլխավոր տնօրեն Ժան-Պիեռ Ֆարանդուն: Նրա խոսքով՝ միաժամանակ տեղի է ունեցել երեք հրկիզում, վնասվել են խողովակները, որոնցում անցկացված են էլեկտրական մալուխները։ Հրդեհի վայրի մոտ հայտնաբերվել են նաև վառվող նյութեր։


Այսօր երեկոյան Փարիզում տեղի կունենա XXXIII օլիմպիական խաղերի բացման արարողությունը։ «Սա ուղղակի ահավոր է, - առավոտյան BFMTV հեռուստաալիքին ասել է Ֆրանսիայի սպորտի նախարար Ամելի Ուդեա Կաստերան երկաթուղային մագիստրալի հրկիզման մասին:- Խաղերի վրա հարձակումը հարձակում է Ֆրանսիայի վրա»: