«Նրա որոշումը արժանի է հարգանքի». Ինչպես են արձագանքել Շոլցը և համաշխարհային այլ առաջնորդներ ընտրապայքարից դուրս գալու Բայդենի որոշմանը

Եվրամիության երկրների ղեկավարները արձագանքել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ նախագահական ընտրապայքարին մասնակցելուց հրաժարվելու որոշմանը:


Ինչպես գրում է Politico-ն, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը նրանց թվում է, ովքեր պաշտպանել են Բայդենի որոշումը:


 «Իմ ընկեր Ջո Բայդենը շատ բանի է հասել իր երկրի, Եվրոպայի, աշխարհի համար։ Նրա շնորհիվ սերտ է անդրատլանտյան համագործակցությունը, ուժեղ է ՆԱՏՕ-ն, իսկ ԱՄՆ-ը մեզ համար լավ ու հուսալի գործընկեր է։ Նոր ժամկետում չգնալու նրա որոշումը արժանի է հարգանքի»,- գրել է նա X սոցիալական ցանցում։


Նույնանման կարծիք է հայտնել Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը. «Հարգելի նախագահ Ջո Բայդեն։ Դուք շատ բարդ որոշումներ եք կայացրել, որոնց շնորհիվ Լեհաստանը, Ամերիկան ​​և ամբողջ աշխարհը դարձել են ավելի անվտանգ, իսկ ժողովրդավարությունը՝ ավելի ուժեղ: Գիտեմ, որ ձեր վերջնական որոշման մասին հայտարարելիս նույն շարժառիթներով եք առաջնորդվել։ Հավանաբար, ամենաբարդը ձեր կյանքում»,- ասել է նա:


Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն իր հերթին ասել է, որ հարգում է Բայդենի ընտրությունը։ «Ես գիտեմ, որ, ինչպես իր հրաշալի կարիերայի ընթացքում, նա կկայացնի որոշում՝ հիմնվելով այն բանի վրա, թե ինչն է լավագույնը ամերիկացի ժողովրդի համար»,- ավելացրել է Սթարմերը:


Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը Բայդենի որոշումը անվանել է «խիզախ և արժանապատիվ»։ Նա իր հիացմունքն ու գնահատանքն է հայտնել պետության ղեկավարին։


Չեխիայի վարչապետ Պյոտր Ֆիալան Բայդենի որոշումն անվանել է պետական ​​գործչին հատուկ, որը տասնամյակներ շարունակ ծառայել է իր երկրին։ «Սա պատասխանատու և բարդ քայլ է, ուստի՝ ավելի արժեքավոր»,- կարծում է քաղաքական գործիչը։


Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը չեզոք դիրք է գրավել: «Քաղաքականությունը երբեք այսքան հետաքրքիր չի եղել»,- գրել է նա X-ում:


Հատկանշական է, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, որը նախագահի պաշտոնում աշխատելիս կապի մեջ էր Բայդենի հետ, երախտագիտություն է հայտնել Բայդենին նախընտրական արշավից դուրս գալու որոշման համար, նրան անվանել «բարձրագույն կարգի հայրենասեր», սակայն ուղղակի աջակցություն չի հայտնել Հարիսին:


X ցանցում նրա հայտարարությունն ավելի անորոշ է. «Ես բացարձակ վստահություն ունեմ, որ մեր կուսակցության առաջնորդները կկարողանան կազմակերպել մի գործընթաց, որի արդյունքում ի հայտ կգա անվանի թեկնածու»: