Փոփոխված եկեղեցիներ, ավերված գերեզմանոցներ. ECLJ-ի հաշվետվությունը՝ ԼՂ-ում Ադրբեջանի կողմից իրականացված մշակութային ոչնչացման մասին

Հաշվետվության մեջ, որը հրապարակվել է երեկ, Իրավունքի և արդարադատության եվրոպական կենտրոնը (ECLJ) արբանյակային լուսանկարների հիման վրա մանրամասն նկարագրել է 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածաշրջանում հայկական ժառանգության հուշարձանների՝ անհանգստություն պատճառող անհետացումները կամ ոչնչացումը:  


Լեռնային Ղարաբաղի հազարամյա ժառանգությունը սպառնալիքի տակ է: Սա ոչ միայն 100.000 հայերի մտավախությունն է, ովքեր լքել են իրենց հողերը 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո, այլև եզրակացություն, որն արել է Իրավունքի և արդարադատության եվրոպական կենտրոնը:



Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում, որը անտիկ ժամանակներից ի վեր գրեթե անընդմեջ բնակեցված է եղել հայերով, կա շուրջ 500 մշակութային օբյեկտ, որոնք պարունակում են հայկական ժառանգության մոտ 6000 մասունքներ: 2020 թվականի դրությամբ 44-օրյա պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղի տարածքի գրեթե 70%-ն արդեն անցել էր Բաքվի լծի տակ։ Այդ ժամանակից ի վեր, երբ 2023 թվականի սեպտեմբերին ամբողջ տարածքը անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, Ադրբեջանը հետևողականորեն մերժել է օտարերկրյա դիտորդների հասանելիությունը մշակութային օբյեկտներին՝ չնայած Հայաստանի և միջազգային կազմակերպությունների բազմաթիվ խնդրանքներին։
Այսպիսով, հենց արբանյակային լուսանկարների օգնությամբ, որ հավաքել են հետազոտողներն ու կազմակերպությունները, ECLJ-ն կարողացել է ստեղծել ավերված եկեղեցիների, անհետացած արձանների կամ ավերված գերեզմանոցների ճշգրիտ ցուցակը: