Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը կառավարությանը կոչ է արել անհապաղ դադարեցնել դատական համակարգի բարեփոխումները։ «Հանուն Իսրայելի ժողովրդի միասնության, հանուն պատասխանատվության ձեզ կոչ եմ անում դադարեցնել օրենսդրական գործընթացը (բարեփոխումների ընդունումը)»,- Թվիթերի իր էջում այսօր գրել է պետության ղեկավարը։
Հերցոգը նշել է, որ երկրում ծայրահեղ լարված է հասարակական-քաղաքական իրավիճակը՝ նոր բողոքի ցույցերի և ցուցարարների ու ոստիկանության միջև բախումների ֆոնին։ «Խորը տագնապ է պատել ազգին: Ազգային անվտանգությունը, տնտեսությունը, հասարակությունը՝ ամեն ինչ սպառնալիքի տակ է»,- ասել է նա։
Իսրայելում մարտի 26-ի երեկոյան սկսված տարերային բողոքի ակցիաների պատճառը երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հրաժարականն էր, որի մասին հայտարարել էր վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Այս որոշումը նա կայացրել էր այն բանից հետո, երբ մեկ օր առաջ Գալանտը բացահայտ հանդես էր եկել դատական բարեփոխումների դադարեցման օգտին, որը առաջ է մղում իշխող կոալիցիան, և որն առաջացրել է ընդդիմության զանգվածային բողոքը։