Ֆրանսիայի Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ՝ «Ֆրանսիա-Հայաստան», «Ֆրանսիա-Արցախ» խորհրդարանական խմբի անդամներ այսօր՝ մայիսի 18-ի երկոյան բողոքի ցույց են կազմակերպել ԱԺ շենքի մոտ՝ պահանջելով Ֆրանսիայի իշխանություններից ընդդիմանալ Ադրբեջանի գործողություններին ընդդեմ Հայաստանի։
Ցույցի մասնակիցներից պատգամավոր Վալերի Բուայեն ֆեսյբուքյան գրառում է արել. «Հայաստանը Ֆրանսիայի քույրն է, և մենք լքում ենք նրան: Ես մասնակցեցի բողոքի ցույցին այս երեկո՝ խնդրելով Ֆրանսիային հաստատուն կերպով կանգնել Ադրբեջանի դեմ, որը ոտնահարում է Հայաստանի սահմանները և անօրինական պահում հայ գերիներին»:
Հիշեցնենք, որ մայիսի 13-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց էր ունեցել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ՝ առաջարկելով Սյունիքում ստեղծված իրադրության լուծումը գտնել ՄԱԿ Անվտանգության խորհրդում, ինչպես նաեւ՝ պատրաստակամություն հայտնել ռազմական աջակցություն ցուցաբերել Հայաստանին։