«Անհապաղ ուկրաինական կողմին փոխանցեք ՌԴ արտաքսված բոլոր որբ և ծնողական խնամքից զրկված երեխաների ցուցակները». Ուկրաինայի փոխվարչապետ
Կիևը Մոսկվայից պահանջում է տրամադրել Ռուսաստանի Դաշնության տարածք արտաքսված բոլոր երեխաների ցուցակները։ Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը Facebook-ում ուղերձ է հրապարակել՝ հղված ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովային և երեխաների իրավունքների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային։

«Առաջարկում եմ անհապաղ ուկրաինական կողմին փոխանցել բոլոր որբ և ծնողական խնամքից զրկված երեխաների ցուցակները»,- գրել է Վերեշչուկը։

Հաագայի միջազգային քրեական դատարանը մարտի 17-ին ոչ միայն Վլադիմիր Պուտինին կալանավորելու օրդեր է տվել, այլև Մարիա Լվովա-Բելովային՝ նշելով, որ նա պատասխանատու է Ուկրաինայի օկուպացված տարածքներից երեխաներին Ռուսաստան բռնի արտաքսելու համար։