Վոլոդիմիր Զելենսկին ողջունել է Միջազգային քրեական դատարանի որոշումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Երեխաների իրավունքների հարցով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու օրդեր տալու մասին: «Դատարանի քայլը միջազգային արդարադատության ծանրակշիռ որոշում է այն գործով, որում իրական հեռանկար կա, և պատմական որոշում է, որից կսկսվի պատմական պատասխանատվությունը»,- ասել է նա: Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը Միջազգային քրեական դատարանի որոշումը համարել է շատ կարևոր: «Այդ քայլը միայն սկիզբն էր Ուկրաինայում իր հանցագործությունների և վայրագությունների համար Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու հարցում»,- ասել է Բորելը: Նրա խոսքով՝ որոշումը կարևոր է նաև Ուկրաինայի ժողովրդի համար: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը որոշման վերաբերյալ հայտարարել է. «Գլխավոր քարտուղարը միշտ կխոսի մեկի հետ, ում հետ պետք է խոսի, որպեսզի առաջ տանի մեր աշխատանքը»: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն էլ հայտարարել է, որ արդարացված է համարում Հաագայի Միջազգային քրեական դատարանի որոշումը: «Կարծում եմ, որ դա արդարացված է: Բայց հարցն այն է, որ դա միջազգային մակարդակով մեր կողմից ճանաչված չէ։ Բայց ես կարծում եմ, որ դա շատ ուժեղ դիրքորոշում է»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։
Ավելի վաղ Միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև Ռուսաստանի՝ Երեխաների իրավունքների հարցով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալման միջազգային օրդերներ է տվել՝ նշելով, որ նրանք կասկածվում են ուկրաինացի երեխաների ապօրինի արտաքսման համար։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը և ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել են, որ Ռուսաստանը չի ճանաչում Միջազգային քրեական դատարանի իրավասությունը, և դրանք իրավական տեսանկյունից նշանակություն չունեն Ռուսաստանի համար: