Ադրբեջանը հայտնել է, թե Իրանի ռազմական ինքնաթիռը թռիչք է կատարել ադրբեջանա-իրանական պետական սահմանի երկայնքով
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ու արտաքին գործերի նախարարությունը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությանը պատկանող ռազմական ինքնաթիռը այսօր՝ մարտի 11-ին, ժամը 09:44-ից 10:26-ը ընկած ժամանակահատվածում շարունակաբար թռիչքներ է իրականացրել ադրբեջանա-իրանական պետական սահմանի երկայնքով՝ Արցախի գրավյալ Զանգիլանի (Կովսական) և ադրբեջանական Բիլյասուվար շրջանների ուղղությամբ։
Ըստ հաղորդագրության՝ ինքնաթիռը թռել է երկու երկրների պետական սահմանից 3-5 կմ հեռավորության վրա, իսկ որոշ դեպքերում նույնիսկ պետական սահմանի վրայով։
«Իրանի ռազմական ինքնաթիռի այդքան մոտ գտնվելը երկու երկրների պետական սահմանին և սահմանային գծի վրայով թռիչքը, սպառնում են քաղաքացիական ավիացիայի անվտանգությանը և ծառայում են երկու երկրների հարաբերությունների էլ ավելի լարմանը։ Կես ժամից ավել ռազմական ինքնաթիռի թռիչքը Ադրբեջանի կողմից ազատագրված տարածքների մոտ սադրիչ և անբարյացակամ քայլ է Ադրբեջանի նկատմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունները նաև հիշեցրել են, որ «անցյալ տարի իրանական կողմը լայնածավալ զորավարժություններ է անցկացրել Արաքս գետի երկայնքով՝ Ադրբեջանի հետ սահմանի մոտ»։
«Մենք խստորեն դատապարտում ենք իրանական կողմին նման սադրիչ քայլի համար։ Կոչ ենք անում համապատասխան բացատրություններ տալ և հետագայում զերծ մնալ նման սադրիչ քայլերից»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին կանչվել է Ադրբեջանի ԱԳ նախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա է հանձնվել։