«Դրանք ահաբեկիչներ են. ձեռնարկվում են միջոցներ նրանց ոչնչացնելու ուղղությամբ». Պեսկովը՝ Բրյանսկի մարզի հարձակման մասին
Միջոցներ են ձեռնարկվում Բրյանսկի մարզ ներթափանցած ուկրաինացի ահաբեկիչներին ոչնչացնելու ուղղությամբ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավելի վաղ Բրյանսկի մարզի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը հայտնել էր, որ Ուկրաինայից Կլիմովսկի շրջանի տարածք է ներթափանցել դիվերսիոն-հետախուզական խումբ: Դիվերսանտները կրակել են ընթացող մեքենայի վրա, ինչի հետևանքով զոհվել է մեկ բնակիչ, վիրավորվել տասը տարեկան երեխա։ 

«Խոսքը ահաբեկիչների հարձակման մասին է: Այժմ միջոցներ են ձեռնարկվում այդ ահաբեկիչներին ոչնչացնելու համար: Իսկ միջազգային ասպարեզում ինչպես հրավիրել ենք, այնպես էլ շարունակում ենք հրավիրել համաշխարհային հանրության ուշադրությունը ահաբեկչական հարձակումների վրա, որ իրականացնում են այդ մարդիկ»,- ասել է Պեսկովը։ 

Պեսկովի խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում մշտապես զեկույցներ է ստանում ուժային գերատեսչությունների ղեկավարներից՝ կապված Բրյանսկի մարզում ուկրաինացի զինյալների հարձակման հետ։ Մասնավորապես, նրան զեկուցում են ԱԴԾ ղեկավար Բորտնիկովը, պաշտպանության նախարար Շոյգուն և Ռոսգվարդիայի ղեկավար Զոլոտովը։

«Ուժայինները զեկուցում են այն գործողությունների մասին, որոնք ձեռնարկում են իմ հիշատակած ուժային գերատեսչությունները ահաբեկիչներին հակազդելու համար: Պուտինը նաև զեկույց է ստանում Բրյանսկի մարզի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազից՝ տեղում տիրող իրավիճակի և ձեռնարկվող միջոցների մասին՝ առաջին հերթին մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար»,- հավելել է Պեսկովը։

Միաժամանակ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով, առայժմ հնարավոր չէ ասել՝ այդ դեպքերը կազդե՞ն արդյոք հատուկ գործողության կարգավիճակի փոփոխության վրա։