Երկխոսությունն ու բանակցությունները ուկրաինական ճգնաժամից դուրս գալու միակ ելքն են, ասվում է ուրբաթ օրը հրապարակված փաստաթղթում, որում արտահայտվում է ուկրաինական հարցի քաղաքական կարգավորման վերաբերյալ Չինաստանի դիրքորոշումը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Այսօր Չինաստանի ԱԳՆ պաշտոնական կայքը հայտարարություն է հրապարակել ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման վերաբերյալ Չինաստանի դիրքորոշման մասին։ Փաստաթղթում ընդհանուր առմամբ կա 12 կետ:
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ «անհրաժեշտ է խրախուսել և աջակցել բոլոր ջանքերը, որոնք նպաստում են ճգնաժամի խաղաղ կարգավորմանը», իսկ միջազգային հանրությունը պետք է հարթակ ստեղծի Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսման համար։ Չինաստանը պատրաստ է շարունակել կառուցողական դեր խաղալ այս հարցում։
Ուկրաինական ճգնաժամը լուծելու համար անհրաժեշտ է հրաժարվել «սառը պատերազմի» մենթալիտետից և հարգել բոլոր երկրների անվտանգության օրինական շահերը, ասվում է փաստաթղթում։ «Պետք է արդյունավետորեն երաշխավորվեն բոլոր երկրների ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը»:
«Մի երկրի անվտանգությանը հնարավոր չէ հասնել այլ երկրների անվտանգության հաշվին, իսկ տարածաշրջանային անվտանգությունը չի կարող ապահովվել ռազմական բլոկների ամրապնդման կամ նույնիսկ ընդլայնման հաշվին: Բոլոր երկրների անվտանգության օրինական շահերին ու մտահոգություններին պետք է լրջորեն վերաբերվել և պատշաճ կերպով հաշվի առնել դրանք», - ասված է հայտարարության մեջ։