«Մենք պատրաստ ենք աջակցել կողմերին». Պետդեպը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպման Շառլ Միշելի առաջարկի մասին
ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է իր աջակցությունը Եվրամիության Խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև հանդիպումների ձևաչափին։

«Միշելից առաջարկ կա՝ շարունակել կողմերի հանդիպումները Բրյուսելում՝ զարգացնելու համար այն առաջընթացը, որը մենք տեսանք վերջին շաբաթներին»,- լրագրողներին ասել է Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը։ 

Հնարավոր հանդիպման մանրամասներին վերաբերող հարցին, Փրայսը պատասխանել է. «Որքանով ես եմ հասկանում, կողմերին հրավեր է արվել: Վերջին հաշվով, որոշումը մեր հայ և ադրբեջանցի գործընկերներինն է։ Նրանք պետք է ասեն նման հանդիպման մասնակցելու հնարավորության մասին»։

«...Մենք պատրաստ ենք աջակցել կողմերին այս խնդրի համապարփակ լուծման շուրջ բանակցություններում... Ինչ վերաբերում է խաղաղության գործընթացում ԱՄՆ դերին, ապա մենք մեր խոսքով և գործով հստակ հասկացրել ենք, որ ցանկանում ենք օգնել Հայաստանին և Ադրբեջանին ցանկացած հնարավոր միջոցով լուծում գտնելու շատ բարդ հարցերին»,- ասել է Փրայսը: